Իսկական ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ով իր կյանքի ընթացքում մասնակցել է 4 պատերազմների. ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Անդրանիկին
Անդրանիկ Սմբատի Առաքելյանը ծնվել է 1969 թվականի մայիսի 1-ին Դիլիջանում։ Սովորել է թիվ 3 միջնակարգ դպրոցում, ապա կրթությունը շարունակել Վանաձորի Շինարարական քոլեջում։ Հայոց բանակ զորակոչվել է քոլեջն ավարտելուց հետո։ Ծառայել է ԽՍՀՄ-ի Նավասիբիրսկ քաղաքում։
Անդրանիկ Առաքելյանը կամավոր մասնակցել է 1991 թվականին Ճամբարակի պաշտպանությանը, իսկ մեկ տարի անց՝ 1992 թվականին, Գարտման կամավորական ջոկատի հետ մեկնել է Արցախ, մասնակցել Շուշի քաղաքի ազատագրմանը։ Երկու անգամ վիրավորվել է բեկորային վնասվածքներով։ Պատերազմից հետո կամավորագրվել է Դիլիջանի Երկրապահ կամավորականների ջոկատին։

1996 թվականին ամուսնացել է, ունի 3 զավակ։
2016 թվականին իր տղայի հետ միասին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին կամավոր մեկնել է Արցախ։ Կռվել է առաջնագծում։ Մասնակցել է Թաղավարդի պաշտպանության մարտերին։
Հերոսաբար զոհվել է նոյեմբերի 9-ին Կարմիր Շուկա կոչվող տարածքում։ Թշնամու հետ դեմ առ դեմ պայքարի ժամանակ ստացել է մահացու հրազենային վնասվածք։
Անդրանիկ Սմբատի Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Արիության մեդալով։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…