«Տանկը խոցվել էր, էդ անգամ իրան հաջողվել էր ողջ մնալ ու շարունակել թշնամու դեմ կռիվը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմանին

Արման Գրիգորյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Թորոս գյուղում։ 2019-ին ընդունվել է Շիրակի պետական համալսարան: Հայոց բանակ զորակոչվել է 2020-ի ձմռանը՝ ուսումը կիսատ թողնելով։

«Արմանը սկզբնական շրջանում Արմավիրի զորամասում էր, ամռանը տեղափոխվեց Ֆիզուլի: Տանկիստ էր, դիրքեր չէր բարձրանում, հիշում եմ՝ սեպտեմբերի 26-ն էր, զանգեց, ասաց՝ շտապ դիրքեր ենք բարձրանում, մի կարևոր գործ կա, ես արդեն հասկացա, որ մի բան այն չէ:

Էդ իրիկունը, որ հետը խոսեցինք, ասացի՝ չգնաս զոհվես, մեզ խայտառակ անես:

Արմանի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 12-ին, խոսակցությունը տևում էր մի քանի վայրկյան… էդ օրը ասաց՝ տանկս է փչացել:
Հետը որ խոսում էի, ասում էի՝ այսօր քանի՞ դիրք ես գրավել ինձ համար…»,-ասում է հերոսի եղբայրը՝ Վահե Գրիգորյանը:
Վահեն պատմում է, որ եղբորը վերջին անգամ տեսել է մայիսին, բայց չի կարողացել գրկել եղբորն ու կարոտն առնել.
«Մենք իրար հեռվից ենք տեսել, զուտ այն պատճառով, որ հանկարծ չվարակեմ, որովհետև այդ ժամանակ Քովիդի կենտրոնում էի աշխատում...»:

Արմանը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, մասնակցել է թեժ մարտերին, զինակից ընկերների հետ ոչնչացրել թշնամական դիրքերը: Իր տանկի խոցումից հետո հաջողվել է ողջ մնալ և շարունակել հերոսաբար կռվել Հադրութի և Վարանդայի դիրքերում, բայց, ավաղ, զոհվել է ականի պայթյունից հոկտեմբերի 13-ին։

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության և խիզախության համար ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…