«Մեր հարստությունը մեր սերն էր». ՀԵՐՈՍ Արմեն Գասպարյանի (ՄԱԿԻՉԻ) կինն ու երեխաները պատմում են իդեալական ամուսնու և հոր կերպարի մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած Արմեն Գասպարյանին՝ ավելի հայտնի Մակիչ մականվամբ, գրեթե բոլորը ճանաչում են: Նա 15 տարեկանից սկսած եղել է մարռտի դաշտում, զենքը՝ ձեռքին, զբաղեցրել է մի քանի պաշտոններ և պարզապես եղել է Հայկական բանակի նվիրյալ զինվոր:

Հերոս Արմենի հերոսական ուղու և կյանքի դրվագների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.

Արմենի կինը՝ Մերին, կարոտով է հիշում ամուսնուն և պատմում է նրա հետ ապրած կյանքի մասին.
-Ես ու նա բացի ամուսիններ լինելուց, նաև շատ լավ ընկերներ էինք: Մեր հարստությունը մեր սերն էր: Շատ հոգատար զավակ էր ծնողների հանդեպ, իսկ իր երեխաների համար արտակարգ հայր էր, իհարկե զինվորական կարգապահությամբ:

Հերոս հայրիկի մասին պատմում է որդին՝ Արթուրը.

-Հայրիկիս մասին կարող եմ երկար խոսել, ասելու շատ բան կա, բայց դժվար է խոսել մի մարդու մասին ով հերոս է: Հայրս լինելով զինվորական՝ մեզ հետ էլ էր զինվորականի նման՝ շատ նվիրված, բայց կարգապահ ու որոշակիորեն պահանջկոտ: Ես չէի նեղվում, բայց դաստիարկությունը միշտ տարվում էր հայրենասիրական ուղղությամբ:

Հայրս էր, ես էլ՝ որդին, բայց կամա, թե ակամա միշտ ձգված եմ եղել նրա մոտ, մեր հարաբերություները շատ ընկերական ֆոնի վրա չի եղել, ուղղակի որպես հարազատներ՝ հայր ու որդի սիրել ենք իրար ու գիտակցել, որ եթե ես որդին եմ՝ ուրեմն պիտի սիրեմ, հարգեմ, լսեմ, ենթարկվեմ նրան ու կատարեմ նրա խոսքը, իսկ նա՝ որպես հայր շատ է նվիրվել մեզ՝ իր ընտանիքին: Նրա այդ վերին աստիճանի կարգապահությունն էլ գալիս էր նրա աշխատանքի բնույթից ու ի վերջո՝ նա ուզում էր, որ մենք էլ մեծանանք իրեն ու հայենիքին արժանի և նվիրյալ զավակներ:

Մեր հերոսի հերոսածին ծնողները՝ պարոն Կառլենն ու տիկին Լենան իրենց 4 տղաներին էլ շատ են սիրել, բայց Արմենը կարծես որոշակիորեն առանձնահատուկ է եղել նրսնց համար: Իսկ այսօր արցունքոտ աչքերով, բայց հպարտությամբ են հիշում իրենց հերոս որդուն ու վառ պահում նրա հիշատակը:

Փա՛ռք մեր անձնուրաց քաջ հերոսի հիշատակին: