«Մորս թուշը կպաչեք ու կասեք, որ էլ չեմ գալու». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ՀԱՄԼԵՏԻՆ, ով մինչև վերջին շունչը պայքարեց հանուն հայրենիքի

Համլետ Ունուսյանը 2019 թվականի հունվարի 9-ին էր զորակոչվել բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Մեխակավանում (Ջեբրայիլ)։

Մասնագիտությամբ խոհարար էր։ Մոր՝ Ծովինարի համար տղայի պատրաստած կերակուրներից ավելի համեղ աշխարհում ոչ մի կերակուր չկար։

«Իմ ու տղայիս ծնունդը նույն օրն է՝ հուլիսի 14-ին, միգուցե դրանից էլ էր, որ մի ուրիշ կերպ էի կապված տղայիս հետ։ Նա իմ կյանքի ամենամեծ նվերն էր։ Չափից դուրս համեստ էր, անգամ եթե բարկանայի վրան, չէր պատասխանի, միայն կժպտար, իսկ ես էլ ոչինչ չէի կարողանում ասել»,-ասում նա։

Հիշում է՝ Համլետն ինքն է ուզել ծառայությունն անցկացնել սիրելի Արցախում, ամեն անգամ ոգևորությամբ է խոսել Մեխակավանում ծառայության մասին։

Պատերազմի օրերի մասին խոսելիս տիկին Ծովինարի դեմքը մռայլվում է, նորից սարսափելի օրերն է հիշում.

«Չգիտեմ՝ ոնց եմ ապրել այդ օրերին. անհանգստություն, վախ, սրանք էին ուղեկցում յուրաքանչյուր օր։ Զանգում, մի քանի բառ էր ասում այդ օրերին ու անջատում՝ ասելով, որ ամեն ինչ լավ է, որ անհանգստանալու առիթ չունեմ։ Մի անգամ զանգեց, հասկացավ, որ լացում եմ, դրանից հետո էլ ինձ չէր զանգում, չէր ուզում երևի լացած ձայնս լսեր։ Ընկերներին էր զանգում, վերջին օրերին էլ զանգել էր ընկերներց մեկին ու ասել՝ «մորս թուշը կպաչեք ու կասեք, որ էլ չեմ գալու»։ Բալես զգացել էր…»,- արցունքների միջից պատմում է տիկին Ծովինարը։

Նրան տղայի զինակից ընկերները պատմել են, որ Համլետը կռվել է մինչև վերջին շունչը, նորակոչիկներին է պաշտպանել, չի թողել, որևէ վտանգի մեջ ընկնեն. «Պատերազմի ժամանակ եղել է Մեխակավանում, հետո՝ Հադրութում։ Ասում էին՝ մեկ այլ ոգևորությամբ է կռվել, չի թողել իրեն վստահված դիրքը, կռվել է մինչև վերջին շունչը»։

Համլետը մահացել է հրազենից արձակված կրակոցից։ Ընտանիքի անդամները մոտ 6 ամիս հստակ ոչինչ չեն իմացել նրա մասին։ Հունիսին 11-ին են նրանց հանձնել տղայի աճյունը։

Տիկին Ծովինարը պատերազմից հետո սկսել է հավատալ նախախնամություններին.

«Պատերազմի օրերին անընդհատ երազներումս Եռաբլուրի եկեղեցին էի տեսնում։ Մի անգամ ծնկի եկած՝ լացելով աղոթում էի եկեղեցում, տղաս եկավ բարձր ձայնով գոռաց վրաս, մինչև հիմա այդ ձայնն ականջներումս է, երևի երբեք էլ դուրս չի գա ականջներիցս։ Մի օր գնացի այդ եկեղեցի՝ մոմ վառելու ու այդ ժամանակ մի բան պատահեց, ինչից ապշած էի. արյան կաթիլը մոմի վրայով՝ արցունքի նման իջավ, դա պատահական չէր, նշան էր, կարծես հուշեր, թե ինչ է լինելու։

Տղայիս հոգեհանգստի արարողությունը շատ պատահական հենց այդ եկեղեցում էլ արեցինք, այսօր այդ եկեղեցին նայում է ուղիղ իր գերեզմանին, մի տեսակ անհավատալի զուգադիպություններ եղան, բայց հիմա վստահ եմ, ոչ մի բան պատահական չէր»։