«Երբ դիվերսանտները մտել են Ֆիզուլի, բոլորին զգուշացրել են հեռանալ, բայց նա տեղից չի շարժվել»․ Բժիշկ Հարութ Չոբանյանը փրկել է բազմաթիվ կյանքեր

Բժիշկ Հարութ Չոբանյանը պատերազմը սկսվելու երրորդ օրը արդեն առաջնագծում էր։ 27-ամյա երիտասարդ բժշկի առաջնագիծ գնալու հրամանը եկել է դստեր ծննդյան օրը։

Հարութը Ֆիզուլիումն է եղել։ Կնոջ հետ պայմանավորվել էին, որ օրական երկու անգամ պետք է իր մասին լուր տար` զանգեր կամ գրեր։ Խոստումը հաջողվել է պահել։ Հերոսի կինը՝ Արմինեն, նշում է, որ միակ բանը, որն ամուսինն ասել է, այն է, որ վիրավորների քանակը շատ է` օրվա մեջ 1-2 ժամ են հասցնում քնել։

Հոկտեմբերի 12-ին Ֆիզուլի դիվերսիոն ներխուժումներ են եղել, և տեղում գտնվողներին զգուշացրել են հեռանալ, քանի որ տարածքն անվտանգ չէր այլևս, սակայն Հարութը և իր ընկերները որոշել են մնալ, շարունակել իրենց գործը։

Հաջորդ օրն ահազանգ են ստացել ու միանգամից դեպքի վայր շտապել։ Տեսել են երկու վիրավոր զինծառայող կա։ Նրանց հոսպիտալ տանելու ճանապարհին էլ Հարութը հայտնվել է թշնամու դիպուկահարի թիրախում։ Մահացել են նաև վարորդն ու բուժակը։ Մեքենայի մեջ մնացած երկու վիրավորներին էլ այլ մեքենա է մոտեցել ու հոսպիտալ տեղափոխել։

«Հարութն ուզում էր շատ երեխաներ ունենալ։ Ասում էր` 5 երեխա ենք ունենալու… Երկուսը հասցրինք։ Փոքր տղաս 3 ամսական էր, երբ հայրն Արցախ մեկնեց. չհասցրեց տղայի ներկայությունը վայելել…»,–ասում է Արմինեն։

Կինը պատմում է` պատերազմի օրերին ամուսինը շատերի կյանքն է փրկել. մինչ օրս հեռախոսազանգեր է ստանում տարբեր մարդկանցից, որոնք շնորհակալություն են հայտնում։ Ռազմական բժիշկն անգամ գերի ընկած ադրբեջանցուն է առաջին օգնություն ցուցաբերել։