«1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն անձրևաջուր են խմել, փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Լևոնին

Լևոն Մանուկյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է: Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 30-ին: 5 ամիս Մատաղիսում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: Պատերազմը դիմավորել է Թալիշի:

«Մինչև սեպտեմբերի 29-ը պատերազմել, պայքարել են թշնամու դեմ: Ամսի 29-ին 50 գումարտակից 10 զինվոր էին ողջ մնացել, այլևս չկարողանալով դիմակայել՝ հրետակոծության տակ մի կերպ «փախել են»: Իմ բալեն վիրավորներին, այդ թվում՝ իր հրամանատարին, օգնել ու Թալիշից հանել է: Իր հետ նաև երկու տղաների դիեր է տարել դիրքերից», - պատմում է Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը:

Մտերիմ ընկերը՝ Վահեն, Թալիշում Լևոնի աչքի առջև է զոհվել: Փոքրամարմին այս տղան իր մեջ այնքան ուժ է գտել, որ «բեսեդկայի» ներսում փոս է փորել, ծառերի ճյուղեր պոկել, ընկերոջ դին այդ ճյուղերով ծածկել՝ հստակ որոշելով, որ վիրավորներին անվտանգ տարածք հասցնելուց հետո վերադառնալու է ու Վահեի մարմինը ծնողներին հասցնի: Ավաղ՝ չի հասցրել. թուրքերն արդեն Թալիշում էին…

Լևոնն ու 9 զինընկերները Թալիշից Մատաղիս հասնելուց հետո շրջափակման մեջ են հայտնվել: Եվս 9 զինվորների հետ շուրջ մեկ շաբաթ անտառում են թաքնվել: Նրանք այն տղաներն են, որոնց մասին օրեր անց Պաշտպանության բանակը պետք է գրեր.

«Հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն՝ ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով հայկական զորքի հակահարձակման իրականացմանը»: 

«1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն ցեխաջուր անձրևաջուր են խմել: Փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել: Իրենց գլխին հրամանատար էլ չեն ունեցել՝ որը փախել էր, որը՝ վիրավոր էր…», — նշում է զրուցակիցս:

Հոկտեմբերի 7-ին, երբ իրենց գտել են, Լևոնն առաջինը մորն է զանգել ու ոգևորությամբ ասել՝ «մամ ջան, ես փրկվել եմ, քո արած լավությունը, որը զինվորներին ես արել, Աստված քեզ է վերադարձրել» (Նելլի Ղահրամանյանը 11 տարի զինվորական խոհարար է աշխատել):

Սակայն մոր ուրախությունը երկար չի տևել. օրեր անց՝ հոկտեմբերի 13-ի կեսօրին, որդին հայտնելու էր՝ «զենքս մաքրում եմ, որ գնանք Մատաղիսն ազատագրենք»: Մեկտեղ զգում էր, գիտակցում, որ սա իր վերջին մարտն է լինելու. հոր հետ խոսելիս հրահանգել էր՝ «հեր ջան, մորս ու քրոջս լավ կպահես»:

«Իրեն ասացի՝ «բալես, կլինի՞ դու չգնաս, ախր 4-5 օր առաջ ես դուրս եկել այդ սարսափից»: Խոսքերս նրան վիրավորեցին, ասեց՝ «մամ ջան, չեմ կարող չգնալ, ես պիտի իմ հայրենիքի ու իմ ընկերների կողքին լինեմ, այլապես իմ այստեղ լինելն ի՞նչ իմաստ ունի»:

Գիտեք, երբ իրեն բանակ էին տանում, հանգիստ կարող էր ազատվել, իր քաշը 49 կգ էր: Թույլ չտվեց հետաքրքրվենք, իրեն ազատենք: Ասաց՝ «իմ պապիները (Նելլիի հայրն ու հորեղբայրը 90-ականների ազատամարտիկներ են եղել) «Նժդեհի» ջոկատից են եղել, ուզում ես ես խուսափեմ ու նրանց անունը գետնո՞վ տամ»», — վերհիշում է մայրը:

Փրկվելուց հետո մի քանի օր ապրեց Լևոնը՝ հոկտեմբերի 14-ին զոհվեց: Մոր սիրտը զգում էր, որ որդին կրկին վտանգի մեջ է: Գիշեր-ցերեկ ականջներում օգնություն աղերսող տղայի ձայնն էր… Այդ պահին 35-ն են եղել. 32-ը զոհվել են, որոնցից միայն 20-ի մարմինն է գտնվել, 3-ը՝ վիրավորվել են:

«Հենց աչքս կպնում էր, լսում էի, որ Լևոնս գոռում է՝ «մամ, մամուլ» (մայրիկին այդպես էր դիմում), հեկեկում էր ականջիս տակ: Սիրտս թփրտում էր, անհանգիստ էի, անընդհատ վեր էի կենում, մոմ վառում ու աղոթում… »:

«Հետո իմացա, որ իմ բալեն էլ չկա: Նրան ես եմ գտել՝ իմ սրտի ձայնով: Ինձ կարծես ասեր՝ արի ինձ գտիր…Ամուսինս ու նրա եղբայրները գնացին դիրահերձարաններ, փնտրեցին ու գտան…ցավոք»:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…