«Պա՛, միայն քո ներկայությունն ու ժպիտն էր ինձ ուրախացնում». ՀԵՐՈՍ ՄԱԿԻՉԻ դստեր ՀՈՒԶԻՉ գրառումը

Ապրիլյան պատերազմի հերոս Արմեն Գասպարյանի մասին գրել է իր դուստրը:

Հերոս հայրիկի մասին իր հոգու խոսքն այսպես է արտահայտում աղջիկը՝ Արինեն.

«Պա՛, գիտե՞ս ես էլ գարունը չեմ սիրում: Գիտե՞ս ես միշտ անհամբեր սպասել եմ նրա գալուն: Նա ինձ միշտ ջերմություն է բերել, կյանքի հանդեպ նոր ու մեծ հույզեր, սեր, ժպիտներ, բայց այս անգամ գարունը եկավ ու իր հետ տարավ կյանքիս ամենակարևոր բանը, եկավ ու ինձնից խլեց ինձ կենսուրախ ուժ ու ժպիտ տվողին, որով ապրում էի արևի պես տաք ու լուսավոր: Նա ինձնից խլեց ամենաթանկը՝ քո ժպիտն ու քեզ, պա՛:

էլ գարունը չեմ սիրում; Պա՛, հիշու՞մ ես, երբ դեռ երեխա էի… Հիմա այլևս երեխա չեմ: Սխալվեցի պա՛: Երբ ավելի փոքր էի՝ կուրորեն հավատում էի այն մտքին, որ ինձ արագիլն է բերել: Ես չգիտեի էլ, որ այդ արագիլը դառնալու է իմ կյանքի ՀԵՐՈՍԸ, իմ միակ անփոխարինելին: գիտե՞ս պա՛, տարօրինակ զգացողություն ունեմ՝ սրտումս ինչ-որ բան եմ զգում, ուրիշ բան չեմ կարող ասել, տարօրինակ զգացողություն է: Ուզում եմ երկար խոսենք, պա՛: Ուզում եմ պատմեմ սրտումս կուտակվածը: Ուզում եմ միասին հիշենք ամեն ինչ:

Պա՛, Սիրում եմ քեզ շատ: Սիրում եմ հայացքդ, նուրբ ձեռքերդ: Միայն քո ներկայությունն ու ժպիտն էր ինձ ուրախացնում: Ժպիտ, որ այն գարունը տարավ: Սիրում եմ քո ջերմությունը, քո շունչը, քո թախծոտ աչքերը: Այն աչքերը, որ միշտ փայլել են իմ ճանապարհին ու երբեք չեն թողել հայտնվեմ ստվերում: Պա՛, սիրում եմ քո այնքան պարզ ու մաքուր հոգին, որում որում ամեն ինչից այնքան շատ կար: Ոնց եմ գնահատում քո հետ անցկացրած ամեն մի ակնթարթը, ոնց եմ կարոտում քո ձայնին, խորհուրդներիդ:

Պա՛, կարոտում եմ քեզ… Կարոտում եմ, ինչպես ծաղիկը երկար անձրևներին է կարոտում: Կարոտում եմ… Ուզում եմ փրվել քեզ, ինչպես զինվոր որդուն կփարվեր 2 տարի երկա՜ր սպասած մայրը, երբ նա վերադառնար բանակից: սիրում եմ քեզ, ինչպես մարդն է սիրում թթվածինը և առանց որի չի կարող ապրել:
Ատու՛մ եմ քեզ՝ կարո՛տ»: