«Իր կյանքի գնով 25 հոգու կյանք է փրկել ու օգնել է վիրավոր ընկերներին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Մխիթար Գրիգորյանին

Մխիթար Կորյունի Գրիգորյանը ծնվել է 2000 թվականին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Հերոս Մխիթարը մանկուց զբաղվել է սպորտով, եղել է խառը մենամարտերի Հայաստանի չեմպիոն:

2020 թվականին զորակոչվել է Հայկական բանակ, նախ ծառայել է Ջրականում, այնուհետև տեղափոխվել է Հադրութ:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցություն է ցուցաբերել մարտերին: Նա այդ ընթացքում եղել է հոսպիտալում, սակայն փախել է ու մեկնել դիրքեր: Խիզախ Մխիթարը համառ պայքար է մղել թշնամու դեմ, նույնիսկ այդ թեժ մարտերում հասցրել է օգնել վիրավոր զինակից ընկերներին:

Պատմում են, երբ տուն էր զանգում երբեք հուսալքված չէր խոսում։ Քույրը՝ Մարգարիտան, պատմում է, որ Մխիթարը վիրավորվել է հոկտեմբերի 6-ին, բայց շարունակել է օգնել ընկերներին, պատմում է նաև, որ Հադրութի Վանք գյուղի ձորից 25 հոգու կյանք է փրկել։ Ինքը շարունակում էր մնալ ռազմաճակատում՝ ասելով բա մյուս տղերքը։

Ցավոք, ընկերներին օգնելիս էլ հերոսն անմահացել է հոկտեմբերի 10-ին:

Մխիթարի հորեղբայրը՝ Ալբերտը պատմում է, որ մի զոհված զինծառայողի մայր էլ զանգել ու հարցնում էր՝ ինչպե՞ս կարող է տեսնել Մխիթարի հարազատներին, գալ տուն, հարցին, թե ով է, պատասխանել է. «Ձեր տղան իմ տղայի կյանքն է փրկել, իմ վիրավոր տղային հանել է շրջափակումից»։

Հերոս Մխիթար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշաններով: