«Մարտունու լավագույն դիպուկահարներից էր, իր դիպուկահար 3 ընկերների հետ շրջափակումից հանել են 70 զինվորի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ռաշիդին

Ռաշիդ Արայի Սեդրակյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Սովորել է տեղի թիվ 1 հիմնական դպրոցում, ապա ընդունվել է Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնասարան և ստացել «Ավտոմեքենաների վերանորոգման փականագործ»-ի որակավորում։

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 8-ին։ Ծառայել է Մարտունի 3 զորամասում։ Մարտունու լավագույն դիպուկահարներից էր և ծառայում էր «Առանձիններ» խմբում։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, շատ խիզախ մարտեր է մղել, հաղթանակած ոգով պայքարել է մինչև վերջ։ Նրան անընդհատ տեղափոխել են այնտեղ, որտեղ իր կարիքն ամենաշատն է եղել։

Դիպուկահար 3 ընկերների հետ միասին անցել են թշնամու թիկունք և ոչնչացնելով բոլորին՝ կարողացել են շրջափակումից հանել 70 զինվորի։ Նոյեմբերի 2-ին ծանր վիրավորում էր ստացել կողքի հատվածում, բայց հրաժարվել է լքել դիրքերը։

Հարազատների հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 8-ի առավոտյան, զոհվել է 8-ի լույս 9-ի գիշերը ինքնաթիռի արկերից։ Արկն ընկնելով՝ հողով է ծածկել Ռաշիդի ամենամտերիմ ընկերոջը՝ Արամին։ Ռաշիդը վազել է, որպեսզի հանի ընկերոջը հողի տակից, բայց ընկել է երկրորդ արկը և երկուսն էլ զոհվել են։

Ռաշիդի զոհվելու լուրը հարազատներին հասավ նոյեմբերի 12-ին՝ մինչև այդ ոչ մի լուր չկար իրենից և բոլորը մտածում էին, որ հաստատ կզանգի։ Բայց ավաղ…

Հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։ Ռաշիդի մարմինն ամփոփված է Գառնիի զինվորական պանթեոնում։

Արցախի նախագահի կողմից հատուկ հրամանագրով Ռաշիդ Արայի Սեդրակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…