«Ասեք սուտ է, պապաս չի զոհվել»․ 12 ամյա Արմանը հուզմունքը կոկորդում սեղմած ասում է, որ կկատարի հոր տված խոստումը

12 ամյա Արմանը այս պատերազմում կորցրել է հորը։ Երեխան տխուր աչքերով ու դողացող ձայնով հիշում է հոր հետ անցկացրած յուրաքանչյուր պահը, նրա ամեն մի խոսք, խորհուրդ ու բառ։ Երբ այցելում է հոր շիրիմին պատմում է նրան ամեն ինչ, թե ինչպես է անցել օրը, ինչ է տեղի ունեցել։

«Երբ հորս հիշում եմ, հուզվում եմ, որովհետև հասկանում եմ, որ էլ իրեն չեմ տեսնի։ Չեմ հավատում, որ ինքը չկա։ Սպասում եմ մինչև գա»,- ասում է հերոսի որդին։

Հոր գերեզմանին հուզմունքը կոկորդում սեղմած պահելով խոստանում է, որ եղբորը մեծի պես է խնամելու, նրա համար և՛ հայր է լինելու,  և՛ եղբայր։ Չի թողելու, որ նրա հետ ինչ-որ բան պատահի՝ իր թևի տակ է առնելու ու միշտ օգնելու։

12 ամյա տղան հոր հետ խոսել է նրա վիրավորվելուց  երկու օր առաջ։ Այս պատերազմը նրան հասունացրել է։ Այդքան փոքր, բայց դաժան իրականույթան կենտրոնում։ Նա հայրենասեր է՝ ինչպես իր հայրը։  Հերոսի այրին պատմում է, որ ամուսինը վերջին պահին, իր փոքր եղբոր հետ է խոսել, ասել, որ «Տղերքիս լավ կնայեք»։

Իսկ երբ նրա մահվան լուրը տուն է հասել երեխաները շատ ծանր են տարել։ Գրկել են մորը ու ժամերով լաց եղել։ Իսկ փոքրիկ տղան էլ ուզել է դուրս գալ տնից, անընդհատ գոռացել է․ «Ասեք սուտ է, պապաս չի զոհվել»։