Լորկե․ ի՞նչ գիտեք հայկական ծիսական պարի պատմությունից

Լորկեն հայկական ծիսական պար է, որը պատկանում է հայկական կոլեկտիվ պարերի տարատեսակներին։ Հանդիպում են «Լորկէ», «Լյուլկէ», «Լորկը» անվանումներով պարերը: «Լորկէ» անվանումը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով։ Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պար է։ Քրդերեն «լյուլկէ» նշանակում է գիշատիչ թռչուն, իսկ «լորկէ» թարգմանաբար նշանակում է շորորվի՛ր։

Հայտնի են նաև Թալինի «Լյուլկէ» կամ «Լորկէ», Շատախի «Լորկէ» և Վանա «Լորկը» տարբերակները: Այս տարբերակները շատ նման են դանդաղ մասերով, բայց արագ հատվածներում տարբերվում են:

«Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում։ Այն կատարվում էր նաև ուխտագնացությունների ժամանակ։