«ՆԱ ինձ ավելի մոտեցրեց իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ». ո՞վ էր այն 25-ամյա ՀԱՅՈՒՀԻՆ, ում հետ ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ամուսնացավ 65 տարեկանում

Մեծ փառքի ու հայտնիության արժանացած ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անձնական կյանքն այնքան էլ հարթ չի ընթացել: Նրա առաջին կինը Յուլիա Գրևսն էր՝ անգլուհի, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստրը։ Նրանք ունենում են 4 դուստր, բայց շուտով բաժանվում են:

Կինը սովոր չէր Թեոդոսիայի գյուղան կյանքին, իսկ Այվազովսկու տարերքը ծովն էր, նրա ստեղծագործական գործունեությունն ամբողջովին կապված էր ծովի, ծովային տեսարանների հետ, և ծովից հեռու մեկ այլ վայրում ապրելը նա չէր էլ կարող պատկերացնել:

Հովհաննես Այվազովսկուն ընտանեկան իրական երջանկություն պարգևեց միայն երկրորդ ամուսնությունը: Նրա երկրորդ կինը դարձավ հայուհի Աննա Բուռնազյան-Սարկիսովան` Թեոդոսիայի հայկական համայնքի միջին խավի ներկայացուցիչ Մկրտիչ Բուռնազյանի դուստրը: Նկարիչն Աննային տեսավ նրա ամուսնու՝ թեոդոսիացի մեծահարուստ առևտրական Սարկիսովի հուղարկավորության ժամանակ։ 

Այվազովսկին որոշ ժամանակ անց ամուսնության առաջարկություն է անում Աննային, և 1882 թվականին նրանք ամուսնանում են։ Հայկական ծիսակարգով նրանց պսակադրությունը կայացավ Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում:

Ծովանկարիչն այդ ժամանակ արդեն 65 տարեկան էր, իսկ Աննան` ընդամենը 25: Տարիքային ահռելի տարբերությունը՝ համարյա 40 տարի, խոչընդոտ չեղավ 18 տարվա նրանց երջանիկ ու համերաշխ ամուսնությանը: Այվազովսկին պաշտում և փայփայում էր իր երիտասարդ կնոջը, այդ մեծ զգացմունքը ներշնչանքի նոր աղբյուր հանդիսացավ Այվազովսկու համար: 

Նամակներից մեկում Այվազովսկին կնոջն ուղղված այսպիսի խոսքեր ունի. «Հոգիս մշտապես պետք է առնչվի գեղեցկության հետ, որպեսզի հետո այդ ամենը կարողանամ վերարտադրել կտավներում: Ես սիրում եմ քեզ: Եթե չեմ հիշում խորունկ աչքերդ, նկարս խամրած է լինում»:

Ծովանկարիչը ասում էր. «Աննան ինձ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»: Այվազովսկին շատ ծանր տարավ 1895-96 թթ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերը:

Այվազովսկին և Աննան միշտ անբաժան էին նաև ցուցահանդեսների կազմակերպման հետ կապված երկարատև շրջագայությունների ընթացքում՝ Ռուսաստանում, Եվրոպայում թե Ամերիկայում: Աննա ոչ միայն Այվազովսկու տան օջախի պահապանն էր, այլ նաև նրա առաջին օգնականն ու խորհրդատուն: 

Մեծ ծովանկարիչը մահացավ 1900 թվականին և իր կտակի համաձայն հուղարկավորվեց Թեոդոսիայի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել էր: