Իտալական ռազմական օդուժի հայազգի գեներալը, ում շնորհիվ տիեզերք է ուղարկվել իտալական առաջին արբանյակը

2003 թ-ին, մահացավ իտալական ռազմական օդուժի և տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, 80-ամյա գեներալ, պրոֆեսոր Տիգրան Միգելե Շիրինյանը (Սիրինյան): Նա գրեթե անծանոթ է մնացել հայության շրջանում, այդ ամենի պատճառն էր ռազմական ոլորտի գաղտնի գործունեությունը և համեստ ու ժուժկալ բնավորությունը: 1995 թ. Տիկնոջ և դուստրերի հետ առաջին անգամ այցելել է հայրենիք, հյուրընկալվել Վեհափառ հայրապետ Գարեգին Առաջինին:

Տիգրան Շիրինյանը ծնվել է 1923 թ. մարտին` Պոլսում, ցեղասպանությունը վերապրած կեսարացի կաթոլիկ Միհրան և Եղիսաբեթ Շիրինյանների ընտանիքում: Հետագայում 1942 թ-ին Հռոմի պապ Հովհաննես 18-րդի միջնորդությամբ տեղափոխվում է Միլան:

Տիգրանը կարճ ժամանակում գիտական լուրջ ձեռքբերումներ է ունենում և՛ տիեզերական ճարտարագիտության, և՛ իտալական ռազմական օդուժի բնագավառում: Նա դառնում է ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար:

Նրա շնորհիվ է, որ Հնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից տիեզերք է ուղարկվում իտալական առաջին «Սան Մարկո» արբանյակը: Հետո Տիգրանին հրավիրում են ԱՄՆ (ՆԱՍԱ), որտեղ ամերիկացի գործընկերների հետ Տեխասում թռիչքի է պատրաստում Scout փոխադրող տիեզերանավը:

Հարկ է նշել, որ դուստրերից Իզաբելան ժառանգել է հոր` գիտության ու տեխնիկայի նկատմամբ ունեցած ձիրքը, իսկ Աննան՝ հայագիտության, և դա պատահական չէ, քանզի ընտանիքի անդամներին նրա ուղղած վերջին պատգամն էր. «Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները և այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»: