«Մա՛մ, ստեղ շատ վիրավորներ կան, մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը». ո՞վ էր մարտի դաշտում այն 19-ամյա ՀԵՐՈՍ ԲԺԻՇԿԸ, ով փրկեց բազմաթիվ վիրավորների կյանքեր

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արտյոմ Բաբայանի մասին արդեն խոսել ենք: Ընդամենը 19 տարեկան երիտասարդը պատերազմի ողջ ընթացքում զենքը փոխարինել է առաջին բուժօգնության պարագաներով և օգնել վիրավոր ընկերներին:

Հերոս Արտյոմի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ.

Արտյոմը ամեն անգամ տանեցիներին զանգելիս հուսադրում էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց և ասում էր, որ սովորական կռիվ չի, սովորական հիվանդներ չեն.

«Մա՛մ, ստեղ շատ վիրավորներ կան, իրանցով եմ զբաղված, մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը:
Մա՛մ, ես ինձ չեմ կորցնում, լավա սենց պահերին ուղեղս հարյուրի տակ ա աշխատում, խոսացնում եմ տղերքին, որ գիտակցությունները չկորցնեն, հարցնում եմ ծխու՞մ ես ու սիգարետը կպցնում, դնում եմ բերաններին, որ ցավը մեղմեմ, հաց եմ տալիս հիվանդներիս։ Կաթիլայինի ծայրից կտրել ձողիկ եմ սարքել, որ ջուր խմեն։ Ստեղ սաղ ասում են՝ բժիշկ ապրես, բժիշկ դու կարաս»։

Արտյոմը իր ընկերոջ՝ տանկիստ Գոռի հետ ոտքից վիրավորվել էր, երբ երկուսով առանց վախի Ուռալով Ջրականից՝ սարերի, ձորերի միջով վիրավոր զինվորներին տեղափոխել են Կապանի հիվանդանոց: Ոչինչ չէր կանգնեցնում հերոսին կատարելու իր սուրբ գործը…

Այդ օրերին թե’ հրամանատարները, և թե’ զինվորները Արտյոմին օգնության էին կանչում բժի՜շկ վանկարկելով։

Արտյոմի հետ Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում վերապատրաստում անցած ծառայակից ընկերը՝ Րաֆֆի Թադևոսյանը պատմում է, որ Արտյոմը շատ լավ էր սովորում և հետաքրքրվում էր ամեն ինչով ու ուզում էր ամեն ինչի մասին գիտելիքներ ձեռք բերել.

«Ինչ սովորում էինք, հետո մեկս մյուսի վրա փորձարկում էինք՝ ավելի լավ հմտանալու նպատակով: Ես ու Արտյոմը շատ էինք մտերմացել ու միշտ դասից հետո համապատասխան պարագաները վերցնում էր, ասում՝ գնանք լսարան ու փորձարկենք: Մենք պատերազմից շատ էինք խոսում ու նա միշտ ասում էր, որ վերջացնենք, գնանք, կռիվ է սկսվելու, ինչքան կարող ենք պիտի լավ սովորենք, քանի որ մարդկանց կյանքերի հետ գործ ունենք: Երբ իմացա Արտյոմի և մյուս ընկերներիս կորստի մասին, որոնց հետ այդ մի քանի ամիսը սովորել էի, շատ դժվար էր, ու ինքնստինքյան միշտ հիշում եմ Արտյոմի ասածները՝ «կհիշեք ինձ ու իմ ասածները, երբ պատերազմ սկսվի»: