Նա 30 րոպեում «ռենտգեն էր անում» զրուցակցին, թափանցում նրա ներաշխարհ․ Էռնեստ Բարսեղյանը յուրահատուկ էր իր խարիզմայով

Էռնեստ Բարսեղյանի ապրած 60 տարին չափազանց քիչ են նման տաղանդավոր մարդու համար: Մյուսն կողմից նրա ապրած 60 տարիներն իրենց մեջ գրեթե 120-ն էին պարունակում:

Նրա խարիզման` բազմապատկած բնածին ազնվականությամբ դարձնում էին իրեն յուրահատուկ: Սուսերամարտով էր զբաղվում: Անկրկնելի ճաշակ ուներ, լավագույն գինին էր ընտրում ու ամենաընտիր ծխախոտը․ 60-ականներին դրա հետ կապված խնդիրներ հաճախ էին առաջանում։

Էռնեստի մահից 20 տարի անց նրան բոլորը հիշում են երեք «տեսակներում»` մարզիկ, երգիչ և նկարիչ:  Պարզապես զբաղվում էր նրանով, ինչն ավելի էր հուզում, ինչի պահանջն ուներ հոգին: Ինքնավստահ, բարդույթներ չունեցող Էռնեստ Բարսեղյանն ընդհանարապես մեծամիտ չէր: Ելույթ էր ունենում Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:

Հիմնականում դիմանկարներ էր ստեղծում, թեև այլ ժանրերում ևս բավական շատ կտավներ է թողել: Սակայն նրա դիմանկարներն ուրիշ էին։ Բարսեղյանը կարողանում էր գրեթե ակնթարթորեն վերլուծել և հասկանալ մարդուն, նույնիսկ եթե կյանքում առաջին անգամ էր տեսնում: Ասում են, որ անծանոթ միջավայրում մնալուց կես ժամ հետո նա կենաց կասեր ներկաներից յուրաքանչյուրի մասին և այնպիսի բաժակաճառ կհնչեցներ, որ մարդիկ հետո կզարմանային, թե որտեղից այս անծանոթ մարդն այդ ամենը գիտի իրենց մասին:

Կտավներն էլ ճիշտ նույն կերպ էր նկարում: Զրույցի առաջին կես ժամվա ընթացքում, սուրճի կամ թեյի շուրջ, կոնյակի մեկ բաժակով կամ առանց այդ բաժակի նա պարզապես «ռենտգեն էր անում» զրուցակցին, որոշում էր նրա բնավորությունը, առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Այնուհետև նկարում դիմանկարը` անհավանական ճշգրիտ և խորը: