Այս ՀԱՅԸ շրջագայել է Եվրոպայում և ուսումնասիրել, թե ինչպես է այնտեղ գործում դպրոցական համակարգը. ճանաչենք հայ նշանավոր ուսուցչին

Լուսանկարում հայ նշանավոր ուսուցիչ, մանկավարժ, հրատարակիչ, կրթության գործի կազմակերպիչ, հասարակական գործիչ Հովհաննես Հինդլյանն է՝ ծնված 1866 թ. Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում, որը գտնվում էր Բոսֆորի ասիական ափին։ Սովորել է ծննդավայրի Ներսիսյան-Երմոնյան, ապա հեղինակավոր Պերպերյան վարժարանում (միջնակարգ դպրոց) ու աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին (ով վարժարանի հիմնադիրն ու տնօրենն էր)։

Բարձր գնահատանքի ու երաշխավորության արժանանալով՝ սկսում է աշխատել Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք վարժարաններում։ Դասավանդել է հայերեն, անգլերեն, թվաբանություն, աշխարհագրություն, տոմարակալություն։ Եղել է Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք, Թարգմանչաց (Օրթա գյուղ), Բերայի թաղային, Դպրոցասեր, Արամյան, Դադյան և Ազգային Կեդրոնական վարժարանների տնօրեն։ Ընտրվել է ուսումնական խորհրդի անդամ և ազգային երեսփոխան, Առաջադիմական միության նախագահ։

Նա շրջագայել է Եվրոպայում և ուսումնասիրել, թե ինչպես է դպրոցական համակարգը գործում այնտեղ։ Նա հանդիպել է ճանաչված ուսուցիչների ու մանկավարժների հետ և վերադառնալով հայրենի քաղաք, նա Գ. Մալաթյանի հետ Կ.Պոլսի Բանկալթի թաղամասում հիմնում է «Նոր դպրոց» կրթօջախը, որն իր դռներն է բացում 1909 թ. հոկտեմբերի 15-ին։ Հինդլյանն ուսումնասիրել է մանկավարժության պատմություն ու տեսության հարցերը։ Ըստ նրա, դաստիարակության նպատակն ու խնդիրը, ինչպես և ուսուցման մեթոդները փոփոխվում են՝ «ժամանակին, տեղին և միջավայրին համեմատ»։ Այս առումով մերժել է ինչպես ժառանգականության տեսության գերագնահատումը, այնպես էլ Ջոն Լոկի՝ երեխայի հոգու «մաքուր տախտակ» լինելու տեսությունը։ Գտնում էր, որ բնական նախադրյալների զարգացումը պայմանավորված է կյանքի պայմաններով։ Նա բարձր է գնահատել օտար մանկավարժների փորձը և առաջադիմական գաղափարները։

Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է համարել ֆիզիկական, մտավոր ու բարոյական դաստիարակությունը, կարևորել է մայրենի լեզվի և գրականության ուսուցումը։ Ուսման մեջ պաշտպանել է դիդակտիկայի առաջավոր սկզբունքները, մեծ տեղ հատկացրել աշխատանքային դաստիարակության, համատեղ ուսուցման հարցերին։ Հինդլյանը եղել է «Հ.Մ.Ը.Մ.»-ի («Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն և Սկաուտներ» հայկական մարզական ակումբներն ու սկաուտական խմբերը միավորող կազմակերպության) հիմնադիրներից մեկը։

1949 թ. առողջության վատթարացմաան պատճառով ընդունվում է Սուրբ Փրկիչ հիվանադանոց, 1950 թ. մարտի 16-ին 84 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն։