«Չեմ ուզում հավատալ, որ ՀԱՅՈՑ պատմությունը լիքն է դավաճաններով, գուցե այդ դավաճաններից շատերին մեր պատմիչներն են հնարել». ահա թե ինչու է նման բան ասել ՀԱՅ ՄԵԾ ԳՐՈՂԸ

Վարդգես Պետրոսյանն իր «Հայկական էսքիզներ»-ում մի պահ խոսում է հայ դավաճանների մասին: Մեր պատմության մեջ նրանք այնքան շատ են, որ նա գրել է.

«Երբեմն ես չեմ հավատում նույնիսկ պատմիչ Եղիշեին, որի մատյանն աղոթք է, բանաստեղծություն, ողբ ու պատվիրան։ Չեմ հավատում Րաֆֆուն, հին ու նոր այն գրողներին, որ կենդանացրել են մեր ժողովրդի պատմության ողբերգական անցքերը։

Ես նրանց բոլորին կարդացել եմ, երբ 14-16 տարեկան էի, հետո կարդացել եմ 20-25-ում, հիմա չեմ ուզում կարդալ։ Չեմ ուզում նորից տառապել նրա համար, որ մեր ժողովրդի պատմության բոլոր կարևոր հատվածները լիքն են դավաճաններով։

Եթե Վարդան է, նրա կողքին Վասակ կա, Սամվել է՝ Մերուժան Արծրունի, Գագիկ թագավոր է՝ Վեստ-Սարգիս, Մխիթար սպարապետ է՝ Միհրան հարյուրապետ, և այսպես անվերջ։ Իմ ժողովրդի քանի՜-քանի՜ սերունդ է մեծացել՝ կարդալով այս գրքերը և արյան ու կաթի հետ, իբրև դեղահաբ կուլ տվել նաև այն տխուր իրողությունը, թե հայոց պատմությունն անհնար է առանց դավաճանների։ Քանի՜-քանի՜ սերունդ հաշտվել է այս բանի հետ և արդարացման խոսք չի գտել, երբ օտարներն էլ ակնարկել են այդ մասին․․․ 
No photo description available.

Չգիտեմ ինչու հաճախ մտածում եմ, որ այդ դավաճաններից շատերին մեր մեծ ու փոքր պատմիչներն են հնարել, քանի որ, եթե չեն եղել նրանք, այդ դեպքում ինչպես բացատրել մեր ողբերգությունները։ Նրանք պարզեցրել են ամեն ինչ, պատմությունը դարձրել ընդամենը մեկ անհայտով հավասարում։ Եվ թող ների ինձ Եղիշեն, եթե հազար հինգ հարյուր տարի անց, ես կասկածանքով եմ թերթում նրա սուրբ մատյանի էջերը և ուզում եմ, մեծ Դեմիրճյանին օգնության կանչելով, ուրիշ բանալի գտնել՝ Վասակ Սյունեցուն հասկանալու համար, այն Վասակին, որի անունը Եղիշեից հետո դարձավ հասարակ անուն բոլոր դավաճանների համար։

Անհեթեթ մտքեր են, -սովորաբար ասում է ինձ ֆիզիկոս Ռուբենը, -այդ դավաճաններից շատերը պատմական անձեր են, նույնիսկ գերեզման ունեն, ինչպես Մելիք Ֆրանգյուլը։ Պատմությունը գրատախտակ չէ, որ դուր չեկած նախադասությունը ջնջես։

Եթե այդպես է, չեմ հավատում նաև պատմությանը, որը, ի միջի այլոց, մարդիկ են գրում։ Եվ հետո, ուրիշ է մեր պատմության գիրքը։ Այն դեռ չի դարձել գրապահարանի վերին դարակի գիրք, որ հանում ես հինգ-վեց տարին մեկ, այն մեզ համար դեռ ոչ միայն գրասեղանի, հաճախ ճաշասեղանի գիրք է, գրպանի գիրք է, ճամփորդության ուղեկից, մի խոսքով՝ մեզ հետ է ինչպես մեր հոդացավը, մեր ստվերը, մեր անձնագիրը։

Դրա համար պիտի զգույշ լինել։ Զգույշ, որ այդ պատմությունն առաջին անգամ թերթող 14-16 տարեկան պատանին չխճճվի դավաճանների սարդոստայնի մեջ։ Ես կուզենայի, որ այդ պատանին չհավատար մռայլ ստվերներին և երբ նրան ցույց տային Մելիք Ֆրանգյուլի գերեզմանն անգամ, երկար, շատ երկար հարկ լիներ բացատրել «դավաճան» բառը և նույնիսկ դրանից հետո պատանին ասեր․
— Չեմ հավատում»։