Այս ՀԱՅԸ երկար տարիներ զբաղվել է դոնորներից ոսկրածուծ ստանալու և պահածոյացնելու հարցերով. գիտե՞ք՝ որ անվանի կոմպոզիտրի աճյունն է նա իր հետ Հայաստան բերել

Խոսքը խորհրդային շրջանի հայ բժիշկ, արյունաբան, Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968) Քամեր Անտոնի Անտոնյանի մասին է՝ ծնված 1915 թվականի մարտի 10-ին Կոստանդնուպոլսում։

Ավարտել է Կեդրոնական վարժարանը, ապա ընդունվել Սորբոնի համալսարան։ 1936 թվականին Ֆրանսիայից հայրենադարձվել է Հայաստան` իր հետ բերելով հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի աճյունը։

Ընդունվել և 1939 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Ավարտելուց հետո ընդգրկվել է ասպիրանտների ցուցակի մեջ, սակայն հրաժարվել է և կամավոր մեկնել Ղափան աշխատանքի։ Եղել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ, ապա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը, բժշկական ուսումնարանի տնօրենը։

1946-1947 թվականներին Քամեր Անտոնյանը աշխատել է Երևանի օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտում։ 1947 թվականին գործուղվել է Ամասիայի շրջան, որտեղ աշխատանքին զուգընթաց զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ 1953 թվականին պաշտպանել է «Ոսկրային փոխպատվաստման ժամանակակից մեթոդների համեմատական գնահատականը կեղծ հոդերի բուժման ժամանակ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։

1954 թվականին Քամեր Անտոնյանը նշանակվել է կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկ, ապա Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, 1956 թվականին՝ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Արյունաստեղծ համակարգի մի շարք հիվանդությունների բուժման լավագույն միջոցները համարելով արյան ու ոսկրածուծի փոխպատվաստումները՝ գիտնականը երկար տարիներ զբաղվել է դոնորներից ոսկրածուծ ստանալու և պահածոյացնելու հարցերով։ Հետազոտելով ճառագայթված կենդանիներին՝ հանգել է այն եզրակացության, որ ոսկրածուծի փոխպատվաստումների միջոցով հնարավոր է հասնել բուժման այնպիսի արդյունքի, որպիսին չի ստացվել ոչ մի հակաբիոտիկից և ոչ էլ արյան փոխներարկումից։ Այդ ուսումնասիրությունների արդյունքը «Հոմոգեն ոսկրածուծի պահածոյացումը ու փոխպատվաստումը և երկրորդային հիվանդությունների կանխարգելումը» թեմայով դոկտորական ատենախոսությունն է, որը պաշտպանել է 1966 թվականին։

1971 թվականին աշխատանքի է անցել ընդհանուր հիգիենայի և պրոֆհիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես կլինիկահեմատոլոգիական լաբորատորիայի վարիչ։

Քամեր Անտոնյանը հրատարակել է 100-ից ավելի գիտական աշխատանքներ, հեղինակ է մի շարք գյուտերի:

Քամեր Անտոնյանը մահացել է 1980 թվականի հունվարի 2-ին, 64 տարեկան հասակում: