«Մա՛մ ջան, դու էլ ես դառնալու զոհված ազատամարտիկի մամա». ՀԵՐՈՍ Ալեքսանի խոսքերը մինչև հիմա հուզում են մորը, ինչու՞ նա այդպես ասաց

Ալեքսան Սպարտակի Սաքանյանը ծնվել է 1994թ-ի հունիսի 26-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում։ 2001թ-ին ընդունվել է Ագարակի միջնակարգ դպրոցը։ 2012թ-ի հունիսի 26-ին զորակոչվել է բանակ։ 2014թ-ի հունիսի 26-ին էլ զորացրվել է։

Զորացրվելուց երեք ամիս անց Ստեփանավանի զորամասում որպես պայմանագրային զինծառայող անցել է ծառայության։ Երեք տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Վանաձորի «Դուց» զորամաս։ Զորամասում «ПК Ալեքս» էին ասում նրան։

Ալեքսանը 6 տարի պայմանագրային է եղել։ Սիրում էր իր գործը։ Ամենից շատ զենքն էր սիրում,
Նա մասնակցել է 2020թ-ի հուլիսյան մարտերին։ Եղել է Չինարիում։ Սեպտեմբերի 27-ին իրենց դասակին տարել են Աղդամ (Ակնա), այնուհետև հոկտեմբերի 1-ին տեղափոխել Ջրական (Ջեբրայիլ)։

«Եղբայրս 2 տարեկան էր, երբ հայրս մահացավ։ Նեղ օրեր շատ ունեցանք, ծանր, դժվար մանկություն։ Մամաս մենակ պահեց մեզ երեքիս։ Եղբայրս դրա համար մամայիս հետ ավելի ջերմ էր ու կապված»,- պատմում է Ալեքսանի քույրը՝ Դիանան։

«Մի անգամ մամաս պատմում էր, որ հայրիկիս քեռիներն ու մայրիկիս հորեղբայրը պատերազմի մասնակիցներ են եղել ու երեքն էլ զոհվել են։ Հայրս՝ ի պատիվ իր քեռուն, որը երեխա չէր ունեցել, եղբորս ծնվելուց հետո անունը Ալեքսան դրեց։ Երբ իմացավ, թե ում անունն է, մի ամբողջ օր լաց եղավ, որ իր անունը հերոսի անուն են դրել։ Հաջորդ օրը լուրջ հայացքով նայեց մամայիս ու ասեց՝ մամ ջան, դու էլ ես դառնալու զոհված ազատամարտիկի մամա։ Մամաս ամեն օր հիշում է ու լաց լինում»,- ասում է Դիանան։