«Աչքերս չեն չորանում, ուզում եմ մեկը լինի, որ որդուս վերջին օրերի մասին ինձ պատմի». ՀԵՐՈՍ Անդրանիկը կռիվ տվեց 44 օր և զոհվեց հրադադարից ժամեր առաջ

Անդրանիկ Սամվելի Զաքարյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին Ագարակ քաղաքում: Սովորել է Վարդանիձորի հիմնական դպրոցում, այնուհետև Մեղրիի պետական քոլեջում:

Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 19-ին, ծառայել է Մարտունու, ապա՝ Հադրութի զորամասերում:

Անդրանիկի հայրը որդու մասին պատմում է.

«Իմ ավագ որդին էր, իմ օգնականը, իմ հույսը, ամեն տեղ, ամեն հարցում ինձ համար սյուն էր: Փոքր հասակից ինձ նեցուկ է եղել, աշխատասեր, բարի, ներողամիտ: Տղայիս ժպիտը, տղայիս աչքերը, նրա ձայնը, ամբողջն աչքիս առաջ է, ականջներումս է: Աչքերս չեն չորանում, սիրտս չի դիմանում, ուզում եմ մեկը լինի, որ որդուս վերջին օրերի մասին ինձ պատմի, բայց չկա, նրա ընկերները նրա պես Շուշիի մոտ ընկան: Իմ որդին մի աշխարհ էր,  իմ որդին դեռ երեխա էր, անտանելի ցավ է…»:
heros andranik

Անդրանիկը դեռ երկու ամսվա զինծառայող էր, նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը:

Պատերազմի առաջին իսկ օրվանից ընկերների հետ կանգնեց դիմակայելու թուրք-ադրբեջանական բանակին ու ահաբեկիչ վարձկաններին: Դիմագրավեց 44 օր. կռվեց Հադրութում, Կարմիր շուկայում, Շուշիում: Կռվեց հաղթանակի հավատով, կռվեց իր երկրի ու իր խաղաղ կյանքի իրավունքի տերը լինելու հաստատ համոզմունքով:

44 օր պատերազմի դաժանությունը տեսած 18-ամյա Անդրանիկը զոհվել է հրադադարից ժամեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, Շուշիի մոտ:

18-ամյա Անդրանիկ Զաքարյանի աճյունն ամփոփվել է  Վարդանիձորի գերեզմանատանը նոյեմբեի 18-ին: 

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…