Արամը Մատաղիսի հերոսն էր, այնտեղ էլ զոհվել է հրամանատարին փրկելու ժամանակ

Արամը Մատաղիսում է կռվել, այնտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 28-ին՝ վիրավոր  հրամանատարին փրկելու ժամանակ։

«Պատերազմի առաջին իսկ օրերից Արամս Տավուշից ինքնակամ Արցախ է տեղափոխվել, պատերազմի ընթացքում, երբ խոսում էի հետը, ես անգամ գլխի չեմ ընկել, որ որդիս ամենաթեժ տեղերում է կռվում: Խոսելուց անընդհատ աղմուկ էր լսվում, մի քանի անգամ հարցրել եմ՝ Արամ, էդ ի՞նչ ձայներ են, ասել է՝ մամ, մեքենայի դուռն է, տղերքը խփելով փակում են»,-պատմում է հերոսի մայրը:

19-ամյա հերոսը հայրենասեր էր, բայց երբեք բարձր չէր խոսում այդ մասին։ Արամ Սեյրանի Սիմոնյանը ծնվել է 2001թ. ապրիլի 9-ին Գյումրիում: 2019թ. ընդունվել է բուհ և ուսումը  կիսատ թողնելով՝ 2020թ. ամռանը  զորակոչվել է բանակ: Սկզբում ծառայել  է Երևանի կապի զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Իջևանում, եղել է հրետանու ջոկի հրամանատար:

«Ամսի 27-ն էր, 8-9-ի կողմերն էր, Արամս զանգեց… Ասացի՝ Արամ ջան, բան չմնաց, էս երկու օրը պիտի ինչ-որ պայմանագիր ստորագրեն, հրադադար կլինի: Էդ պահին պոռթկաց, ասաց՝ պե՛տք չէ իրենց հրադադարը: Հետո հասկացա՝ երեխես ինչու էր լարված, ամսի 26-ին Մատաղիսում թեժ մարտեր էին եղել, հրամանատարներ և ընկերներ էր կորցրել»,-պատմում  է հերոսի մայրը:

Արամ Սեյրանի Սիմոնյանը հետմահու պարգևատրվել  է «Մարտական ծառայություն» մեդալով, ներկայացվել է նաև «Արիության» մեդալի: