«Ինքը իր հրամանատարի ու ընկերոջ հետ ազատագրել է «Լալալայկա» բարձունքը». կարդացե՛ք 19-ամյա ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄԻ սխրանքների մասին

Արտյոմ Հովիկի Բաբայանը ծնվել է 2001թ.-ի մարտի 16-ին Երևան քաղաքում։ Դեռ վաղ տարիքից ծնողներն Արտյոմի մեջ սերմանել են հայրենասիրութուն, նվիրվածություն հարազատների հանդեպ, անկեղծ ու ջերմ սեր՝ շրջապատի նկատմամբ։ Արտյոմը դպրոցում լավ է սովորել, բոլոր ուսուցիչները սիրել են նրան, բայց միևնույն ժամանակ բողոքել նրա չափազանց ակտիվ և երբեմն չարաճճի լինելու համար:

Սովորելուն զուգահեռ Արտյոմը զբաղվել է բռնցքամարտով՝ հաճախելով Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Մանկապատանեկան համալիր մարզադպրոց։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։ Ավարտելով դպրոցը, 2016թ.-ին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ՝ ատամնատեխնիկական գործ մասնագիտացմամբ։ Ուսմանը զուգահեռ՝ 16 տարեկանից աշխատել է «ՍԱՍ Գրուպ» ընկերությունում՝ անընդմեջ դառնալով «լավագույն աշխատող» ու արժանանալով բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների։

Ավարտելով քոլեջը՝ 2019թ.-ի հուլիսի 4-ին Արտյոմը շատ բարձր տրամադրությամբ զորակոչել է բանակ։ Ծառայությունն անցկացրել է Որոտանի (Կուբաթլու) զորամասում։ Ծառայությունից ամիսներ անց վերապատրաստվել է Զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում և դարձել բուժակ, կրտսեր սերժանտ։

Ծառայությունից միշտ գոհ և երբեք չբողոքող Արտյոմը բազմիցս գնում էր Ջրական՝ (Ջեբրայիլ) մասնակցելու զորավարժությունների։ Վերջին զորավարժության ժամանակ էլ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Զինակից ընկերներից մեկը պատմում է, որ Արտյոմը կանխազգացել է մոտալուտ վտանգն ու սեպտեմբերի 26-ի գիշերը, Ջրականում՝ խարույկի մոտ, ընկերներին ասել է. «Պատկերացնու՞մ եք առավոտ տագնապ տան, ո՞նց պիտի վեր կենանք»։

Սեպտեմբերի 27-ին ընտանիքի անդամները անդադար զանգում էին Արտյոմին, սակայն հեռախոսն անհասանելի էր։ Քույրը՝ Աստղիկ Բաբայանն ասում է, որ երեկոյան, երբ զանգել է տուն, պատմել է, որ վիրավոր զինվորներով է զբաղված. «Ասում էր, որ ինքն ապահով վայրում է, բայց այն ժամանակ, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին՝ զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով»:

Արտյոմն Աստղիկի պաշտպանն էր, նույնիսկ՝ ընտանիքի ներսում: Աստղիկը հիշում է, որ մի օր, երբ նեղացել է ընտանիքի անդամներից, եղբայրն իրեն լսել, հետո գնացել էր իր «իրավունքները պաշտպանելու». «Նրա համար մեկ էր, ես ճիշտ եմ թե սխալ, որովհետև ոչ ոք իրավունք չուներ իր Աստղիկին նեղացնելու»:

Արտյոմն իր սիրելի հրամանատար Էդգար Մաթևոսյանի և իր լավ ընկեր Գոռ Երմալովյանի հետ ազատագրել է «Լալալայկա» բարձունքը։ 2020թ.-ի հոկտեմբերի 15-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, Արտյոմ Բաբայանն իր 6 ընկերների հետ հերոսի մահով ընկնում է: Հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» մեդալով: