«Մենակ թե եղբորս բան չլինի». Դավիթը խոցել է առաջ ընթացող տանկը, բայց հայտնվել է թշնամու թիրախում ու մահաբեր գնդակը ուղիղ նրա սրտին է դիպչել

Դավիթն ու եղբայրը՝ Ռուբենը միասին են ծառայել Մարտակերտում։ Դավիթը, ցավոք, զոհվել է, իսկ ռուբենը ողջ մնացել, Երևան է եկել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը։

«Միայն եղբորս ոչինչ չլինի». պատերազմում զոհված ապագա բժիշկ Դավիթ Բադալյանի վերջին խոսքերն են եղել, որը հետո Դավիթի ընկերը փոխանցել է նրա ընտանիքին։

Բնավորությամբ շատ տարբեր երկու եղբայրները դեռ մանկուց բոլոր հարցերում միասին են եղել, և ծառայության ժամանակ էլ ավագ եղբայրը որոշել է Դավիթի կողքին լինել։

«Երևանում վիճակահանության ժամանակ ես քաշեցի թուղթը, ու պարզվեց` Արցախում պետք է ծառայենք։ Գնացինք Մարտակերտ։ Շատ ուրախ էինք, ու ամենևին էլ տեղը կապ չուներ, կարևորը` միասին էինք։ Իսկ միասին լինելն էլ ավելի հեշտ էր դարձնում ծառայությունը, մեկս մյուսից էինք տան ու ծնողների կարոտն առնում»,–պատմում է Ռուբենը։

Եղբայրները նույն զորամասում են ծառայել, երկուսն էլ նռնականետորդ են եղել։ Քանի որ հեռահար կերպով է կրակ վարվել, Ռուբենն ընկերների հետ թաքստոցում Է որոշ ժամանակ եղել։ Այդ նույն պահին, սակայն, այլ իրավիճակ է եղել Դավիթի հենակետում. ամեն ինչ շատ արագ է զարգացել։ Հակառակորդը տանկերով փորձել է առաջ գալ։

Դավիթը գործի է անցել` դիրքավորվել և դիպուկ հարվածով մեկ տանկ է շարքից հանել։ Զոհվել է նրա ընկերը. Դավիթը բաճկոնը հանել է, ընկերոջ վրա է գցել ու շարունակել մարտը։ Բայց ցավոք ապագա բժիշկը հայտնվել է հակառակորդի թիրախում ու թշնամու գնդակը ուղիղ Դավիթի սրտին է դիպչել։

Ռուբենի` Երևան գալն ու եղբոր հուղարկավորությանը մասնակցելը հեշտ չի եղել, բայց ի վերջո Ռուբենը Երևան է հասել ու մասնակցել հոգեհանգստի արարողությանը։