«Տղեքը շրջափակման մեջ էին, զանգեց ասեց՝ պիտի գնամ, չեմ կարա ապրեմ ծանրացած խղճով, բայց ես կարողա էլ հետ չգամ». ՀԵՐՈՍ Էդգարը կյանքը զոհեց հանուն ընկերների

Էդգար Համբարձումյանը ծնվել է 2000 թվականին հուլիսի 28-ին Երևանում: Էդգարը Երևանի Օլիմպիական Հերթափոխի մարզական քոլեջի լավագույն բռնցքամարտիկներից էր, մրցույթներից միշտ վերադառնում էր պատվոգրերով ու մեդալներով։ Նա աչքի էր ընկնում ամեն տեղ, ծառայությունն էլ բացառություն չեղավ:

Հայոց բանակ զորակոչվեց 2019 թվականի հունվարին: Ծառայում էր Մատաղիսի զորամասում։ Էդգարի զինվորականին հատուկ խստապահանջությունն ու պատասխանատվությունը գրավեց հրամկազմի ուշադրությունը, և շուտով նրան շնորհվեց ավագ սերժանտի կոչումը՝ սերժանտական խորհրդի հրամանատարի և դիրքի ավագի պարտականությունը։

44-օրյա պատերազմը Էդգարն ու իր մարտական ընկերները դիմավորեցին Մատաղիսի դիրքերում: Նրանք առաջիններից էին, որ ընդունեցին մարտը, քանի որ թշնամու կողմից առաջին հարվածը բաժին հասավ հենց Էդգարին վստահված դիրքին։

Ծանր պայքարի արդյունքում պատերազմի առաջին օրերին զոհվեց Էդգարի հրամանատարը և զորքի մեծ մասը, իսկ ինքը, ոտքից վիրավոր վիճակում, ստանձնեց հրամանատարի պարտականությունները՝ մի րոպե անգամ չլքելով վստահված դիրքն ու շարունակելով պայքարը թշնամու դեմ:

Մի քանի օր իր և իր վաշտի տղաների հետ կապը խզվում է, կարծում են, որ Էդգարը զոհվել է մյուս տղաների հետ միասին, բայց մի քանի օր անց կապ է հաստատում Էդգարը և տեղեկացնում, որ շրջափակակման մեջ են եղել և նրա ճիշտ մարտավարության շնորհիվ դուրս են եկել շրջափակումից։

Համոզվելով, որ անհավասար են ուժերը՝ շատ կորուստներից խուսափելու համար Էդգարը կազմակերպում է վիրավոր տղաների սողեսող տարհանումը ավելի ապահով վայր՝ «Եղնիկներ», այնտեղից էլ հոսպիտալ, Էդգարին նույնպես ցուցում է տրվում հոսպիտալացվելու, բայց նա հրաժարվում է լքել դիրքը, իսկ երբ լուր է հասնում, որ շրջափակված Մատաղիսում դեռ թաքնված տղաներ կան և օգնության են սպասում, տղաներից ոչ մեկը քայլ չի անում հետ վերադառնալու՝ երևի հասկանալով, որ ռիսկի գործոնը մեծ է, բայց Էդգարը համարձակվում է երկրորդ անգամ իր վրա վերցնել փրկության առաքելությունը:

Գիտակցելով իր քայլի վտանգավորությունը՝ վերջին անգամ զանգում է եղբորը և տեղեկացնում, որ պետք է գնա նման քայլի, քանի որ չի կարող ամբողջ կյանքում ապրել ծանրացած խղճով, երբ տղաներ կային որ փրկվելու հույսով սպասում էին օգնության և վերջին խոսքը լինում է` ես կարող է էլ հետ չգամ։

Ցավոք, Մատաղիս հետ վերադառնալու ճանապարհին զոհվում է՝ չհասցնելով նույնիսկ հասնել տղաներին… զոհվում է հոկտեմբերի 1-ին անօդաչուի հարվածից:

Էդգար Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Անձնուրաց պաշտպան» մեդալներով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…