«Մոտեցա թուրքերին ասի՝ ընկերներ չկրակեք, ադրբեջանցի եմ, էս «մխտար» ՀԱՅԵՐԸ բռեցին, եկել էինք համերգ տալու». ԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ, ով 3 օր միայնակ պահել է ՀԱՅԿԱԿԱՆ դիրքը

Ներկայացնում ենք կին ազատամարտիկ՝ Ջեմմա Հովհաննիսյանի պատմությունը, ով մասնակցել է արցախյան ազատամարտին, ում կյանքի բանաձևն է. «Հայրենիքը՝ սկսվում է մի բուռ հողից, հող սիրելուց ու խնամելուց, թե չէ, հողը կնեղանա ու բերք չի տա, եւ կորուստը մեծ կլինի».

Ջեմմա Հովհաննիսյանը մարտական դիրքերում անցած կյանքի համար չի ափսոսում, միայն կորցրած ընկերների չապրած տարիների համար է ցավ ապրում: Հեղինե Հովհաննիսյանին մարտական ընկերները ճանաչում են Ջեմմա անունով: Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից տիկին Ջեմման հայրենի Փոքր Վեդի գյուղի տղամարդկանց հետ զենք է վերցնում ու միանում Երասխավանի պաշտպանությանը: Տիկին Ջեմման չէր կարող չգնալ, քանի որ մանկությունն անցել էր Արարատին հեռվից նայելով, և հորը պատգամը սրտում՝ «Նույն սխալը երբեք չկրկնել»։

Տիկին Ջեմման 1988-94 թթ.-ին եղել է 5-րդ կամավորական բրիգադի վաշտի հրամանատարը: Մարտական հրամանները զինակից ընկերները կատարել են առանց քննարկման, քանի որ հրամանատարի վստահությունը  վաստակել էր արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից՝:

«Երասխավանի «Նաիրի» դիրքն ուներ 3 կրակակետ, որը պահում էին  6 զինվորով։ Հակառակորդի կրակոցից մահացավ լավ ընկերներիցս մեկը, մյուս տղաներին համոզեցի, որ նրան իջեցնեն և հուղարկավորեն։ Չնայած որ, նրանք չէին գնում, ստիպեցի ու կրակակետում մնացի միայնակ: 2 գիշեր, 3 ցերեկ ոչինչ չուտելով վազում էի մի կրակակետից մյուսը՝ գլխարկներս փոխելով ու տարբեր ուղղություններով կրակելով, այդ կերպ հակառակորդին ցույց տալով, որ մենք շատ ենք: Ձյունը որպես ջուր եմ օգտագործել` պահելով մեր համար կարևոր կրակակետը։ Այնուհետև գնդապետ Մեջլումյանը, երբ ես մենակ հսկում էի կրակակետը, կապվեց ինձ հետ ու հարցրեց. «քանի՞ հոգով եք», ես էլ ասացի. «101», մեր խոսակցության համաձայն դա նշանակում էր` մեկ հոգի։ «Խելքդ գցել ե՞ս, 3-րդ օրն ա` 101 հոգով ե՞ք»՝ արձագանքում է գնդապետը, ես էլ ասում եմ՝ այո: Երբ արդեն իջա, նա արցունքն աչքերին ամուր գրկեց ինձ ու ասաց. «Քո անունը պետք է ոսկե տառերով գրվի»։
«1993 թվականին Շահումյանի բնակչությունը տեղափոխվել էր Ակնաբերդ` Ումուդլու գյուղ, մի մասն էլ անտառներում էր: Մենք «Արծիվ 30 մահապարտներ» ջոկատի 17 մահապարտներով շրջափակման մեջ ընկանք: Իրանց ուղղաթիռները ռմբակոծեցին մեր հրետանին, ու ինչ պետք է անեինք՝ մենակ զենքով: Տղաներից մեկն ասեց՝ կոմանդիր շրջափակման մեջ ենք: Ասի՝ հանգիստ, նահանջ չկա, ով նահանջի, թող յուպկա հագնի: Պարկեք դրեք օդինոչնի և կրակեք: Ես էլ մոտեցա թշնամուն, շատ մոտ էր, ու թուրքերեն գիտեի, ու սկսեցի խոսալ: Թուրքերեն ասի, ընկերներ չկրակեք, ասի ես Նախիջևանից եմ, ադրբեջանցի եմ, էս «մխտար» հայերը բռեցին, եկել էինք համերգ տալու: Հավատացին: Ադրբեջանցին ասաց, թե երգելու ես եկել, ուրեմն կարող ես երգել: Սկսեցի երգել, սրանք էլ այ  ջանե, այ  ջանե: Մի 30-40 րոպե սրանց զբաղեցրեցի, մեկ էլ մեր տղաներից մեկը գոռաց. «Կոմանդիր, մեր ավտոները»։ Գլուխս բարձրացրեցի, տեսա մեր Մաղավուզից դեպի Հակոբ Կամար են գալիս մեր զինվորները: Իմ ծառայած 15 տարիների ընթացքում չեմ լացել, էտ օրն եմ լացել, ու ձեռքս բարձրացրեցի ու ասացի՝ բանակս եկավ օգնության ու երգեցի՝ «այ ֆիդայի, ջան ֆիդայի»։ Սրանք հասկացան ու խփեցին: Վիրավորվեցի»:

Տիկին Ջեմմայի թոռներն այսօր շարունակում են տատիկի գործը։ Երբ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի օրերին, հակառակորդը փորձ արեց մտնել Թալիշ, սահմանին ծառայում էր նաև տիկին Ջեմմայի թոռը: Երբ Փոքր Վեդիից զանգել է Արցախ՝ մարտական ընկերներից հետաքրքրվել թե ինչպե՞ս է փորձել հակառակորդը մտնել Թալիշ, ո՞ր ուղղությամբ, ասել են, հենց այն նույն դիրքն են փորձել գրավել, որի համար 1990-ականներին մարտեր են մղել Ջեմման ու իր  մարտական ընկերները՝ «Արցախում չկա մի քար, որի վրա գլուխս դրած չլինեմ»:

«Ով իրավունք ունի շփոթվի ու հող վերադարձնի, մի թիզ անգամ տալու իրավունքը չունենք: Ինչո՞ւ միշտ պետք է երգենք. «Քելե լաո, քելե էրթանք մեր էրգիր», կամ «ասկիարներ մեր աղջիկներ բռնին տարան»։ Տո, խի բռնեն տանեն: Բա մեր թասիբը: Պատիվն ու արաժանապատվիությունը աշխարհում ամենաթանկ բաներն են: Փողը պետք ա կենցաղի համար աշխատի, ասում են գործ չկա, ոնց չկա: Աշխատի:»

Մարտական ուղու մասին պատմող այս պատմությունները փաստող նկարները տիկին Ջեմման տարիներ շարունակ խնամքով պահում է թղթե արկղերում՝ մահճակալի տակ, իսկ մեդալներին կարևորություն չտվող հայրենիքի պաշտպանը մեկ երազանք ունի՝ անցնել Մասիսի այն կողմ:

«Այս կողմում ապրում եմ, ուզում եմ այնտեղից էլ նայել ու մեռնել»։ Ընտանիքին հրամայել է, հուղարկավորել զինվորական համազգեստով, առանց ծաղիկների, փոխարենը ծածկել Արցախի դրոշով, որն էլ խնամքով պահում է իր թղթե տուփերից մեկում:

Խոսքերը պարզապես ավելորդ են…