«Էս մի դիրքն էլ գրավենք, թողնում եմ ձեզ իջնեմ, էլի կգամ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Խաժակ Գրիգորյանին

Խաժակ Ֆորմիկի Գրիգորյանը ծնվել է 1973 թվականի մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Հայոց բանակ է զորակոչվել 1991 թվականի հունիսին։ 1993 թվականի հուլիսից ժամկետային զինծառայող Խաժակը գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է Օմարի բարձրունքի մարտական գործողություններին, իսկ 1994 թվականի փետրվարի 12-18 մասնակցել է Քարվաճառում մղվող մարտերին։

1994 թվականի մայիսի 9-ից մասնակցել է Թալիշի ինքնապաշտպանությանը, ապա Օմարում ՝ մարտի 16-18-ի հայտնի եռօրյա ճակատամարտում, «Շիլկա» զինաթարային ինքնագնաց համալիրով պաշտպանություն է իրականացրել Քոռողլու Դաղի ուղղությամբ։ Մինչև 1994 թ. դեկտեմբեր մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին։

Մինչև 2013 թվականը Խաժակ Գրիգորյանը ծառայել է հայոց բանակում՝ որպես ավագ սերժանտ, ծառայության ընթացքում ստացել է մարտական հերթապահության առաջին աստիճանի մեդալ, բազում շնորհակալագրեր ու պատվոգրեր։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Խաժակ Գրիգորյանը, լսելով պատերազմի լուրը, առաջին կամավորական ջոկատի հետ մեկնում է Արցախ, մարտնչում մինչև հոկտեմբերի 9-ը՝ նահատակվելով հանուն հայրենիքի։

Խաժակ Ֆորմիկի Գրիգորյանին հետմահու պարգևատրել «Մարտական ծառայության» մեդալով։

Վերջին օրերին հացը գրպանում հասցրել է հարակից դիրքերում կռվող տղաներին, ովքեր 4 օր ճանապարհների ռմբակոծման պատճառով առանց հաց են մնացել, իր հետ ծառայակիցներից յուրաքանչյուրի կյանքը գոնե մեկ անգամ հասցրել է փրկել, իր հզոր կամքի շնորհիվ առանց հետ նայելու մարտընկերներին ոգևորելով, մի քանի դիրք առաջ է տարել, վերջինի ժամանակ ասել է «էս մի դիրքն էլ գրավում ենք, թողնում եմ ձեզ, իջնում եմ, էլի կգամ», բայց չհասցրեց…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…