«Ինչքան սիրտդ ուզի թուրք եմ տեսել, կանգնած էին, բոլորին պառկացրի». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՌԱԶՄԻԿԻ սխրանքների մասին

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված շարքային Ռազմիկ Թանդիլյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 6-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Սովորել է Հաղպատի միջնակարգ դպրոցում, ավարտել 2019 թվականին ու ուսումը շարունակել Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

Համալսարանում Ռազմիկը սովորեց ընդամենը մի քանի ամիս։ 2020 թվականի հունվարի 15-ին Ռազմիկը զորակոչվել է ծառայության: Ռազմիկը ծառայության էր անցել Հադրութում։ Շարքային Թանդիլյանը ծառայությանը հեշտ էր հարմարվել, երբեք չի տրտնջացել պատմում են հարազատները, սիրով էր ծառայում, ինչպես միշտ շրջապատին շատ շուտ էր ընտելացել։ Մայրը պատմում է, որ զորամասում սպաներից մեկը ծննդյան օրը խաչ էր նվիրել Ռազմիկին, որից շատ էր ոգևորվել։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի մեկնարկի մասին մայրը իմացել էր ռադիոյից։ Հարազատները փորձել էին կապ հաստատել Ռազմիկի հետ։ Բոլորին հանգստացնելու համար ասել էր, որ չի մասնակցում գործողություններին։

Պատերազմի ընթացքում Ռազմիկը պարբերաբար զանգել է հարազատներին, վերջին կապը եղել է հոկտեմբերի 7-ին։ Հարազատների հորդորներին, որ զգույշ լինի, խնայի իրեն մի անգամ Ռազմիկն ասել է, որ ինքը չի փախչելու ու ընկերներին մենակ չի թողնելու, որ ինքն այսպիսին չէ, իրեն այդպես չեն դաստիարակել։

Զրույցներից մեկի ժամանակ եղբայրը փորձել է հետաքրքրվել արդյոք Ռազմիկը թուրք տեսել է, թե ոչ. «իհարկե, ինչքան սիրտդ ուզի, կանգնած էին, պառկացրի» պատասխանել է Ռազմիկը։

Ամբողջ գործողությունների ընթացքում Ռազմիկը բացի իրեն կցված զենքից մարտ է վարել նաև այլ զինատեսակներից, հաջողությամբ կատարել իր վրա դրված մարտական խնդիրները, մի քանի անգամ կարողացել են անձնակազմով հետ մղել հակառակորդի գրոհները պատճառելով կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստներ։

Ռազմիկը զոհվել է հոկտեմբերի 9-ին արկի պայթյունից։ Ծառայակիցներն, ովքեր որոշ դրվագներ են հայտնել ընտանիքին պատերազմի օրերից, ասել են, որ Ռազմիկն իր սաղավարտի ու մարտական այլ պարագաների վրա կռվի օրերին գրել էր մահապարտ։ Ընկերների այն հարցին, թե ինչու՞ մահապարտ, պատասխանել է՝ երբ կռիվը վերջանա կասի։

Շարքային Ռազմիկ Կարենի Թանդիլյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։