«Ահա և վերջ, էլ դու չկաս». ՀԵՐՈՍ ՌԱԶՄԻԿԻ գրած բանաստեղծությունը, որով կարծես գուշակել է իր ապագան

Արցախյան 44-օրյա պատերազմի Հերոս Ռազմիկ Թանդիլյանի մասին արդեն պատմել ենք, սակայն չենք խոսել նրա ստեղծագործական տաղանդի մասին: Հերոսի կյանքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ.

Դպրոցական տարիքում Ռազմիկը ստեղծագործում էր, որի մասին ընտանիքի անդամներից քչերը գիտեին։ Մայրը մի անգամ պատահական գտել էր տետրը, բայց չէր հասցրել կարդալ, քանի որ Ռազմիկը նկատել էր։ Ռազմիկի հորաքույրն, ով նաև եղել է նրա դասվարը, այդ մասին իմացել է, նաև կարդացել Ռազմիկի ստեղծագործությունները։ Հորաքրոջ՝ տիկին Կարինեի հետ փոքրուց շատ կապված ու մտերիմ է եղել։

«Փոքրուց շատ ամաչկոտ էր, երբեք առիթը չէր օգտագործում, որ ես դպրոցում եմ աշխատում, ինքնուրույն էր լուծում իր հարցերը, աշխույժ էր, իսկ դպրոցն ավարտելուց արդեն շատ համարձակ էր, կազմակերպված, գիտեր իր քայլերի հաջորդականությունը»,- պատմում է հորաքույրը։

Ռազմիկը ծառայության անցնելուց առաջ իր ստեղծագործությունների տետրը բոլորից գաղտնի փոխանցել էր հորաքրոջ տղային, ցավոք նրա զոհվելուց հետո են ընտանիքի անդամները կարողացել ամբողջությամբ կարդալ Ռազմիկի ստեղծագործությունները։

Ձեզ ենք ներկայացնում Ռազմիկի ստեղծագործություններից մեկը.

«Ահա և վերջ»

Դասեր, հոգսեր ու խնդիրներ…
Ահա բոլոր մարդկանց կյանքը:
Երջանկություն, կյանք ու սեր…
Ահա կյանքի իմաստը:

Ապրել հանդարտ, մաքուր կյանքով,
Ապրել կյանքդ հենց ա՞յս մտքով:
Ապրել այսպես դու կփորձես,
Փորձել կարաս, բայց ոչ ապրել:

Փորձիր սիրել մաքուր սիրով,
Քեզ չեն սիրի նույնիսկ մտքով,
Այլ կատեն քեզ ամբողջ սրտով,
Կանեն այնպես, որ դու զգաս՝
Ահա և վերջ, էլ դու չկաս։