«Սիրած աղջիկ ուներ, պիտի գար ամուսնանար». ՀԵՐՈՍ ՍԱՐԳԻՍԻ մարմինը հարազատները գտան զոհվելուց 28 օր հետո

Սարգիս Արայիկի Գևորգյանը ծնվել է 2000թ-ի մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ 2006թ-ին ընդունվել է Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը։ 2015-2018թթ սովորել է Սևանի պետական քոլեջում, այնուհետև ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Մեկ տարի սովորելուց հետո՝ 2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել Ջաբրայիլում (Մեխակավան):

«Մենք երկու եղբայր ենք։ Շատ կապված էինք իրար հետ։ Շատ ընկերասեր, հումորով, միշտ ժպիտով էր։ Իր հնարավորության սահմաններում բոլորին կհասներ, կօգներ։ Շփվում էր և՛ մեծերի, և՛ փոքրերի, և՛ իր հասակակիցների հետ։ Երբեք չէինք տեսնի, որ ինչ-որ բանից նեղվի»,- ասում է Սարգիսի եղբայրը՝ Աղվան Գևորգյանը։

Շատ նպատակներ ուներ Սարգիսը։ Ընտանիքի անդամներն էլ հույսով ու հավատով սպասում էին նրան։ Ուներ սիրած աղջիկ։ Ցանկանում էր ծառայությունից հետո ուսումը շարունակել և ամուսնանալ։

«Եղբայրս հոկտեմբերի 28-ին զանգեց, խոսեցինք։ Ամսի 29-ին ամբողջ օրը չզանգեց, անհանգիստ էինք։ Մտածում էինք վիրավոր է, հույսով փնտրում էինք, որ կգտնենք։ Թեկուզ վիրավոր, միայն թե գտնենք։ Այդ վերջին խոսակցության ժամանակ ասեց, որ շատ է կարոտել, ուզում է գալ։ Պատերազմը վերջանա, գա ուսումը շարունակի։ Ասում էր՝ համալսարանում արտոնություններ կունենամ։ Այդպես սպասումով էլ մնացինք»,- պատմում է Աղվանը։

Սարգիսը զոհվել է հոկտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից Սոս գյուղի տարածքում։ Օր ու գիշեր փնտրտուքներից 28 օր հետո հարազատները գտան Սարգսին անմահացած։