«Զինակից 18 ընկերների թիկունքը պահելու համար իր զենքով կրակ է բացել թշնամու վրա, ընկերները փրկվել են, իսկ ինքը՝ ընկել հերոսի մահով». կարդացե՛ք 19-ամյա ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՆԻ մասին

Վարդան Արթուրի Հովսեփյանը ծնվել է 2001թ-ի դեկտեմբերի 14-ին Վանաձորում: 2008թ-ին ընդունվել է Գուգարքի չեխական դպրոցը: 2017 թվականից ուսումը շարունակել է Կ. Ղարաքեշիշյանի անվան Արհեստագործական քոլեջում՝ որպես ավտոփականագործ: 2020թ-ին ավարտել է քոլեջը և հուլիսի 16-ին զորակոչվել բանակ: Ծառայել է Հադրութի զորամասում։

«Նա շատ ընկերասեր էր, ինչի պատճառով էլ հերոսաբար զոհվեց: Շատ նվիրվող, օգնող, հասկացող, խելացի ու կամեցող էր: Նրա հետ ապրած ամեն մի օրն ինձ համար անմոռանալի էր: Շատ էր ցանկանում բանակ գնալ և շատ ուրախ տրամադրությամբ էլ բերեց ուղեգիրը: Առաջին հերթին ցանկանում էր բանակից գալ և ընկերուհու հետ նշանվել:

Նպատակ ուներ բանջարեղենի բիզնես բացել: Նոյեմբերի 5-ին Վարդանին տեղափոխել էին Շուշի: Նոյեմբերի 7-ի առավոտյան զանգեց, արդեն Շուշիում էր: Ամեն առավոտ և երեկո զանգում էր, սակայն այդ օրը երեկոյան չզանգեց: Մյուս օրը՝ նույնպես: Արդեն փնտրտուքների մեջ էինք»,- պատմում է Վարդանի եղբայրը՝ Հովհաննես Հովսեփյանը:

Վարդանի ընկերը՝ Ռոման Գևորգյանը, ասում է, որ շատ բան է սովորել ընկերոջից.

«Միշտ ասում էր, որ մարդուն պիտի գնահատել թե՛ լավ, թե՛ վատ կողմերով: Միշտ ճիշտ խորհուրդներ էր տալիս: Շատ էր սիրում քայլել բարձրահարկ տեղերում, տանիքներում նստել: Ասում էր՝ դրա համար էլ ձեզնից բարձր եմ: Հիմա էլ է բարձր: Իր հետ միշտ ամեն ինչ հետաքրքիր է եղել ու չի մոռացվի երբեք: Շատ ընկերներ չուներ: Մոտ ընկերները չորսն էին, բայց քաղաքի մեծ մասի հետ շփվում էր: Ուզում էր լավ աշխատանք ունենալ: Ասում էր՝ մերոնք ինձ համար աշխատել են, որ ես ամեն ինչ ունենամ, 2 տարի հետո կգա ժամանակը և արդեն ես կանեմ ամեն ինչ, որ իրենք հանգիստ ապրեն»:

Վարդանն իր վիրավոր ընկերներին քարշ է տվել և հանել կռվի դաշտից, որտեղ և ստացել է առաջին վնասվածքը, այնուհետև իր զինակից 18 ընկերների թիկունքը պահելու համար իր զենքով կրակ է բացել թշնամու վրա, ընկերները փրկվել են, իսկ ինքը, մի քանի տեղից վիրավորում ստանալով, ընկել է հերոսի մահով: Հերոս Վարդանը անմահացել է նոյեմբերի 7-ին, սակայն ընտանիքի անդամները դեպքի մասին իմացել են նոյեմբերի 15-ին: