Այս ՀԱՅ ամուսինները մասնակցել են Ֆրանսիական դիմադրության շարժմանը. միայն իմանաք՝ ինչ էր գրել Միսաքն իր մահապատժի օրը Մելինեին

Հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» (ֆր.՝ Main-d’œuvre immigrée) մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստը։ Ե՛վ Միսաքը, և՛ Մելինեն Մեծ Եղեռնի ժամանակ կորցրել էին իրենց ծնողներին:

Դիմանկար
Դիմանկար

Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին (որոնց հետ նախկինում համագործակցել էր «Զանգու» ամսագրում)՝ նպատակ ունենալով կազմակերպել միջազգային ջոկատ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական պրոպագանդա ծավալելու համար։ 1941 թվականի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբավորման անդամերին։ Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ իր նոր ծանոթի՝ ֆրանսիացի մի բժշկի հետ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն։

Փախելով ճամբարից՝ Միսաք Մանուշյանը 1943 թվականի մարտին միացել է «Ստալինգրադ» ջոկատին (կոչվել է ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի), որ ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին։ Մանուշյանի առաջին զինված ակցիան, որ անցկացվել է Լևալուա Պերեում մարտի 17-ին, ավարտվել է անհաջողությամբ։ 1943 թվականի օգոստոսին՝ Բորիս Գոլբանի պաշտոնազրկումից հետո (որի ջանքերի շնորհիվ միավորվել են էթնիկապես մեկուսացած խմբերը), Մանուշյանը ղեկավարել է երեք ջոկատ, որոնցում ընդգրկված էին ընդհանուր առմամբ շուրջ 50 մարտիկներ։ Փարիզի շրջանում գործող բոլոր պարտիզանների ղեկավարությունն ստանձնել էր հրեական ծագմամբ լեհ կոմունիստ Յոզեֆ Էպշտեյնը (գնդապետ Ժիլ), որ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան։

1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաև լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգի և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որ պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար։

1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի անդամներին Էվրիում։ Նրա կինը՝ Մելինեն, կարողացել է փախչել ոստիկանությունից և մահվան է դատապարտվել հեռակա կարգով։ Մանուշյանի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 68 մարդ։

Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում:

Մահապատժի օրը Մանուշյանը կնոջն ուղղված նամակում գրել է.

 «Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ։ Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»:

Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոն։ Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը.

Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

Միսաք Մանուշյանի մահապատժի իրագործումից հետո Մելինեն խուսափեց ֆաշիստական կալանքից և ողջ մնաց պատերազմում։ Նա այլևս երբեք չամուսնացավ և երեխա չունեցավ։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրում է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա նկարահանվել է ֆիլմ 1985 թվականին։