Լսե՞լ եք տխրահռչակ «Կարմիր պլակատի» մասին և գիտե՞ք՝ որ հայի ղեկավարած խմբին վարկաբեկելու համար էր այն ստեղծվել

Հայ բանաստեղծ, հակաֆաշիստ Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» (ֆր.՝ Main-d’œuvre immigrée) մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ։

Դիմանկար
Միսաք Մանուշյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտարարման օրը՝ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայի իշխանություններն արգելել են Կումունիստական կուսակցության գործունեությունը և ձերբակալել բազմաթիվ ակտիվիստների, այդ թվում նաև Մանուշյանին, որին ուղարկել են Սանտե բանտ։

Մանուշյանի բնակարանում անցկացված խուզարկության ժամանակ առգրավվել ու ոչնչացվել են նրա շատ ձեռագրեր։ Երեք ամիս անցկացնելով անազատության մեջ՝ Մանուշյանը՝ որպես արտասահմանցի, ուղարկվել է Նորմանդիայի Ռուան շրջան, որտեղ կրկին սկսել է աշխատել որպես խառատային հաստոցի օպերատոր։ Գերմանական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժումից հետո Մանուշյանը ֆրանսիական բանակի նահանջող մնացորդների հետ տեղափոխվել է երկրի հարավ, սակայն հետո վերադարձել է Փարիզ կնոջ՝ Մելինեի կանչով, ով պատասխանատու էր տեղում Ֆրանսիայի կոմկուսի ընդհատակյա կազմակերպությունների միջև կապի կոորդինացման համար։

Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին (որոնց հետ նախկինում համագործակցել էր «Զանգու» ամսագրում)՝ նպատակ ունենալով կազմակերպել միջազգային ջոկատ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական պրոպագանդա ծավալելու համար։ 1941 թվականի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբավորման անդամերին։ Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ իր նոր ծանոթի՝ ֆրանսիացի մի բժշկի հետ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն։

Փախելով ճամբարից՝ Միսաք Մանուշյանը 1943 թվականի մարտին միացել է «Ստալինգրադ» ջոկատին (կոչվել է ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի), որ ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին։ Մանուշյանի առաջին զինված ակցիան, որ անցկացվել է Լևալուա Պերեում մարտի 17-ին, ավարտվել է անհաջողությամբ։ 1943 թվականի օգոստոսին՝ Բորիս Գոլբանի պաշտոնազրկումից հետո (որի ջանքերի շնորհիվ միավորվել են էթնիկապես մեկուսացած խմբերը), Մանուշյանը ղեկավարել է երեք ջոկատ, որոնցում ընդգրկված էին ընդհանուր առմամբ շուրջ 50 մարտիկներ։ Փարիզի շրջանում գործող բոլոր պարտիզանների ղեկավարությունն ստանձնել էր հրեական ծագմամբ լեհ կոմունիստ Յոզեֆ Էպշտեյնը (գնդապետ Ժիլ), որ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան։

1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաև լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգի և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որ պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար։

Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով տպագրել է ագիտացիոն պլակատ՝ տխրահռչակ «Կարմիր պլակատը», որը ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։

Դրա վրա գրված է՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։ Փորձելով ազդել մարդկանց շովինիստական զգացումների վրա՝ «Կարմիր պլակատի» միջոցով գերմանացի նվաճողները հասարակության ուշադրությունը սևեռել են Մանուշյանի ու նրա խմբի մյուս անդամների այլազգի լինելու և նրանց կոմունիստական համոզմունքների վրա։ Նրանք հայտարարվել են ահաբեկիչներ, սակայն պրոպագանդան հակառակ էֆեկտն է ունեցել։ «Մանուշյանի խումբն» իսկապես բազմազգ էր. նրա կազմում կային ութ լեհեր, հինգ իտալացիներ, երեք հունգարացիներ, երկու հայեր, մեկական իսպանացի և ռումինացի (Օլգա Բանչիկ), երեք ֆրանսիացիներ և տասնմեկ հրեաներ: Նրանք մեծ մասնամբ սերում էին պրոլետարական ընտանիքներից, իսկ նրանց մի մասը հայրենի երկրից հեռացել էր գործազրկության և հակասեմական ճնշումների պատճառով։

Մանուշյանի ազդեցության տակ է իր գործունեությունը ծավալել նաև երիտասարդ Անրի Կրազյուկին (Կրասուցկի), ով հետագայում դարձել է Ֆրանսիայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ և Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար։