Լուսանկարիչների հայկական ընտանիքը․ ինչպե՞ս Բոյաջյանները կայսրերի պալատական նկարիչներ դարձան

Այն պահից, երբ Եթովպիայում լուսանկարչական ապարատ հայտնվեց, կայսրերի պալատական նկարիչները Բոյաջյաններն էին՝ Պետրոսը, Հայկազն ու Թոնին։

Պետրոս Բոյաջյանը լուսանկարիչ էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդը 1905 թ-ին նրան առաջարկում է իրեն ուղեկցել Եթովպիա` պաշտոնական ճանապարհորդության: Այստեղ Եթովպիայի Մենելիկ կայսրը գնահատելով լուսանկարչի աշխատանքը` հրավիրում է նրան ապրելու իր երկրում: Պետրոսը համաձայնվում է,տեղափոխվում Եթովպիա և դառնում արքունիքի պալատական նկարիչը։

Lուսանկարչի տարբերանշանը Սողոմոնի կնիքն էր՝ բոլորին հայտնի Դավթի աստղը։ Պետրոսը, պալատական լուսանկարչի իր անմիջական պարտականություններից բացի, Ադիս Աբեբայում նաև լուսանկարչատուն բացեց, որտեղ մեծ հերթեր էին գոյանում։ Բացի այդ, Պետրոսը կայսրի դիմանկարներն էր վաճառում, իսկ դիմանկար ունենալը հեղինակության հարց էր, քանի որ դրանք բավական թանկ էին։

Պետրոսի որդուն՝ Հայկազին, առաջարկեցին շարունակել հոր գործը։  Սակայն դրան տարբեր իրադարձություններ հաջորդեցին, միապետը ժամանակավորապես լքեց երկիրը, իսկ Հայկազը զբաղվեց բիզնեսով` կինոթատրոն բացեց, վարորդական իրավունքների ու անձի հաստատման փաստաթղթերի համար լուսանկարներ էր անում։

Հայկազին անձնական լուսանկարչի պաշտոնին փոխարինեց Թոնին։ Նա մահացավ 1987 թ-ին, մահից առաջ կառավարությունն առգրավեց նրանց ունեցվածքը, այդ թվում՝ Բոյաջյանների լուսանկարների արխիվը․ արժե՞ արդյոք ասել՝ ինչքան անգին գանձի մասին է խոսքը։

Թե ինչ եղավ այդ գանձի հետ, հայտնի է միայն Եթովպիայի իշխանություններին։ Հույս կա, որ այդ արխիվը չի անհետացել ու ժամանակի ընթացքում մի օր ի հայտ կգա։