Նա չդարձավ «խցում փակված գիտնական», այլ ապրեց իր լիարժեք կյանքով․ Մերգելյանի հաջողության ուղին

Սերգեյ Մերգելյանն իր ուրույն տեղը գրավեց գիտության ասպարեզում, որպես մաթեմատիկոս: Երբ իրեն հանճար էին անվանում, նա փորձում էր կատակի տալ, փոքր-ինչ նյարդայնանում էր, իրեն կաշկանդված զգում:

1936 թ.–ին նրա հորը ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատը տարավ. աստված գիտե թե ինչի համար, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչնչի համար, տարավ հենց այնպես, ինչպես սովորաբար:

Մերգելյանը միայն մաթեմատիկայից էր հետ մնում: Անհավանական է հնչում, բայց, ով գիտե, գուցե հենց այդ «հետ մնալն» էր, որ ապագա գիտնականի մեջ սպորտսմենին բնորոշ ուժ ծնեց և այն էլ այնպիսի, որ 1943 թվականին նա միանգամից կարողացավ հանձնել թե՛ 9-րդ, թե՛ 10-րդ՝ ավարտական դասարանի քննություններն ու դարձավ Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ուսանող:

Մերգելյանի  առաջընթացն արդեն կատակ բան չէր, նրան կանգնեցնել հնարավոր չէր: Համալսարանական 5 տարին նա ավարտում է 3 տարում և 1946 թվականին դառնում դիպլոմակիր: Այսպես ահա, Մերգելյանը, որի 21 տարին էլ դեռ չէր լրացել, ի դեպ, որոշ երկրների չափորոշիչներով դեռևս անչափահաս, դառնում է խորհրդային գիտության ամենաերիտասարդ դոկտորը:

Կարիերայի ընթացքում՝ 1952 թվականին, նա ստանում է Ստալինյան մրցանակ (այն ժամանակների համար հսկայական գումար), իսկ 1953 թ. հասնում է ևս մեկ ռեկորդի՝ դառնալով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ  թղթակից-անդամը։

Նա չդարձավ «խցում փակված գիտնական», չդարձավ  կաբինետային պրոֆեսոր, այլ ապրեց իր լիարժեք կյանքով՝ ընկերություն անելով գրողների, պոետների, կինոռեժիսորների, Ինդիրա Գանդիի ու Ջավախարլալ Ներուի հետ:

1990 թվականին Մերգելյանը հեռացավ ԱՄՆ: Նա երկար տարիներ, միայն Մոսկվա այցելության փոքր ընդմիջումներով, դասավանդեց Կորնելյան հեղինակավոր համալսարանում:

Վերջին տարիներին առողջությունը թույլ չէր տալիս հաճախ այցելել Մոսկվա կամ Երևան, ու այդպես էլ մնաց նա Ամերիկայում մինչև իր կյանքի վերջին օրերը: Նա կտակի մեջ գրել էր, որ իրեն թաղեն Մոսկվայում՝ կնոջ կողքին, ու մոխիրը նրա Ամերիկայից Մոսկվա բերվեց: