«Մորս տունն օր սոված կքնեինք, կթվար, թե էս աշխարհը դժոխք է». միայն իմանաք՝ ինչ դաժան օրեր է անցկացրել Գյումրու մանկատանը Հովհաննես Շիրազը

«Մորս տունն օր սոված կքնեինք, կթվար, թե էս աշխարհը դժոխք է։ Մերս օր տարավ ամերիկացու լոբին կերանք՝ կթվար, թե աշխարհը դրախտ է, կուշտ քնելն էլ է լավ բան։ Բայց օր ճաղերից կնայեինք մարդկանց տարած մրգերի գույնին, կմտածեինք մրգի գույնը համ ունի՞»։

Խոսքերի հեղինակը Հովհաննես Կարապետյանն է, նույն ինքը Հովհաննես Շիրազը, ով իր Շիրազ գրական անունը ստացել է «Տժվժիկի» հեղինակ Ատրպետի կողմից, ով կարդալով նրա բանաստեղծություններն, ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

Շիրազի մայրը՝ Աստղիկը, կարսեցի է եղել, հայրը՝ Թադևոսը՝ գյումրեցի: 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին՝ սովից փրկելու համար, ստիպված որբանոց է տարել: Այդ ժամանակ Գյումրիում 40.000 որբ երեխա է եղել։ 5-7 տարեկանը Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Հենց մանկության օրերը հիշելիս էլ այս տողերն ասել է Շիրազը:

«Մրգի գույնի համը» զգալու համար Շիրազը որբանոցից փախել ու գնացել է շուկա։ Քանի որ շատ տաղանդավոր է եղել ու կարողացել է լավ քանդակել՝ մանկատան մյուս տղաները հացի չոր մասը կերել են, խմորը տվել Շիրազին, ով դրանից փոքրիկ արձանիկներ է սարքել, տվել դռնապանին, ինչով էլ համոզել է նրան ու դուրս եկել մանկատնից։

«Ամեն անգամ որբանոց վերադառնալուց հետո, շատ խիստ պատժել են: 7 տարեկանում նմանատիպ մի փախուստից հետո ամբողջ գիշեր ծեծել են ու ստիպել սուր քարերի վրա չորեքթաթ ման գալ: Այդպես արյունոտված քնել է, առավոտյան արթնացել ու լսել, որ երեխաներին ընտրում են Ամերիկա տանելու համար: Որոշել ու փախել է որբանոցից՝ այլևս ետ չվերադառնալով այնտեղ: Որբանոցում մորը չեն ասել, որ փախել է, ասել են՝ պատժված է և 6 ամիս չի կարող տեսնել որդուն»: