«Պապս սիրում էր թուրքական երգեր ու սիրահարված էր մի թուրք աղջկա, բայց երազում էր չոքեչոք հասնել Արևմտյան Հայաստան». իրական պատմություն ՀԱՅԻ մասին

Ձեզ ենք ներկայացնում Ցեղասպանությունը վերապրածներից մեկի իրական պատմությունը:

Մայրիկիս պապն Էրզրումցի էր: Անունը՝ Կամեր Վարդերեսյան, գաղթից հետո փոխել է անունը և նրան Արմեն Վարդերեսյան էին կոչում:  Մինչև Ցեղասպանությունը նա ծառայում էր թուրքական բանակում: Մեծ ընտանիք ունեին՝ բաղկացած 31 անդամից: Բոլորը մի բակում էին ապրում: 

1914թ. ջարդերի ժամանակ բանակում նա իմանում է, որ ընտանիքի բոլոր անդամներին կոտորել են: Մայրիկիս պապը փախչում է բանակից հենց թուրքական համազգեստով: Նա մի թուրք աղջկա էր սիրում և փախչելով գնում է նրա տուն: Աղջկա ծնողները նրան բաց չեն թողնում, քանի որ գիտեին, որ հայ է և կարող է սպանվել: Պահում են իրենց տանը մինչև ուշ գիշեր՝ թաքցնելով բազմոցի տակ: Մութն ընկնելուց հետո օգնում են հասնել մինչև սահման, և նա փախչում է Ռուսաստան: 

Մոտ 10 տարի անց, իմանալով, որ Թուրքիայից փախած բարեկամներ ունի Թիֆլիսում, մայրիկիս պապը տեղափոխվում է Վրաստան:
Մորաքույրս պատմում է, որ պապիկը շատ էր սիրում թուրքական երաժշտություն և ազատ խոսում էր թուրքերեն: Նա Արևմտյան Հայաստանը համարում էր իր երկիրը և ասում էր. «Եթե սահմանը բաց լինի, չոքեչոք կգնամ, իմ տունը կտեսնեմ»: