Պերճ Զեյթունցյանի կյանքի հետաքրքիր դրվագներն ու իմաստալից խոսքերը․ այս հայ արձակագրին պետք է լավ ճանաչենք

Պերճ Զեյթունցյանը հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ է։

Նրա կյանքում շատ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, որոնցից մեկը եղել է հենց նրա ծննդյան օրը, երբ ռեստորանում, որտեղ նշում էին Պերճ Զեյթունցյանի տարեդարձը, գրողին է մոտենում մի երիտասարդ նկարիչ ու մեկնում նրա դիմանկարը, որ արել էր ռեստորանի մի աննկատ անկյունում նստած։ Ու տարիներ անց, երբ ընտանիքը Պերճ Զեյթունցյանի հուշատախտակի համար նկար էր ընտրում, հենց այդ նկարն են ընտրել։

Պերճ Զեյթունցյանը ցանկացած իրավիճակում շարունակել է աշխատել։ Երբեք իր գրիչը ցած չի դրել, անգամ երբ հիվանդ էր։
«Վերջին երեք տարին ի վիճակի չէր աշխատել, տեսողությունը թուլացել էր։ Աղջիկս հատուկ խոշորացնող ակնոցներ էր բերել, բայց հրաժարվում էր, ասում էր՝ ես իմ սովորական ակնոցները պիտի կրեմ։
Շատ հիվանդություններ էր տարել, ձեռքը լավ չէր աշխատում։ Վերջին տարիներին բոլոր վեպերը, պիեսները միայն իմ ձեռագրով են։ Միշտ ասում էր՝ շուտ արա, գործերդ թող, արի, որ թելադրեմ, որովհետեւ հետո ես իմ գրածը չեմ կարողանա վերարտադրել»,- պատմում է արձակագրի կինը։

Դրամատուրգը նաև շատ իմաստուն խոսքեր ունի, որոնք ստիպում են մարդուն վերաիմաստավորել կյանքը՝

  • Մոր ամենամեծ զենքը արցունքն է: Ո՛չ խոսքը, ո՛չ խրատը, ո՛չ տրամաբանությունը, ո՛չ սպառնալիքը չեն կարող այն արդյունքին հասնել, ինչ ընդամենը աղից ու ջրից բաղկացաց մայրական արցունքը:

  • Սուտ է, աշխարհում չկա մի բան, հանուն որի կարելի է մարդ սպանել: Չկա մի գաղափար, որի անունից թույլատրելի է զոհել մարդու կյանքը:Իսկ եթե սպանությունն անխուսափելի է, ուրեմն գաղափարներն ու նպատակները փտած են ներսից, ուրեմն ինչ-որ բան էն գլխից կարգին չէ:
  • Մենք միշտ խոսում ենք ծառի ճյուղերի ու տերևների մասին, իսկ արմատներին չենք էլ փորձում մոտենալ։

  • Բարոյականությունը շատ ավելի դժվար, շատ ավելի ուշ է վերականգնվում, քան նույնիսկ ամենաքայքայված տնտեսությունը: