«Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»․ ահա թե ինչպիսինն է Պարույր Սևակը ՀԱՅ մեծերի հիշողություններում

Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սևակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սևակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Պարույր Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»։
Պարույր Սևակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիները ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ