«Մա՛մ ջան, շատ լավ ենք, մի տաք բուշլաթ էլ լինի, Բաքու կհասնենք». 18-ամյա ՀԵՐՈՍ ԳՐԻԳՈՐԻ վերջին խոսքերը մայրիկին

Գրիգոր Արշավիրի Մուրադյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 20-ին Երևանում: Գրիգորը ընտանիքի ավագ զավակն է, ունի մի եղբայր։ Զարմուհու՝ Նոնա Թովմասյանի խոսքով՝ փոքր տարիքում չարաճճիության չափ ակտիվ էր, բայց զուգահեռ բարի ու օգնող, սիրում էր ազատ ժամանակն անցկացնել դրսում՝ ընկերների հետ։

-Փոքր ժամանակ միասին խաղում էինք, երբ կամակորություն էր անում, պապիկը ջղայնացավ ու ասաց՝ ինձ շան տեղ չեք դնում։ Գրիգորը երբեք չէր պատասխանում, բայց այս անգամ միամտաբար լացակումած ասաց՝ պապի, ես քեզ ե՞րբ շան տեղ չեմ դնում,- պատմում է Նոնան։

Գրիգոր Մուրադյանը սովորել է Երևանի համար 110 հիմնական դպրոցում, եղել է շատ ակտիվ կազմակերպվող բոլոր միջոցառումներում և ավարտել է գերազանց։ Այնուհետև Գրիգորն ընդունվել է Պոլիտեխնիկի քոլեջ՝ անվճար հիմունքով։ Սովորում էր Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժնում, երազում էր, որ Երևանում ավտովերանորոգման սեփական կետը կբացի:

Երեք տարի քոլեջում սովորելուց հետո Գրիգորը զորակոչվեց հայկական բանակ։ Հարազատները ասում են, որ տղան անհամբեր սպասում էր 18 տարին լրանալուն, որ գնա բանակ։ Ծառայության է անցել Մարտունի 3-ում։

Եկեղեցիների նկատմամբ Գրիգորի վերաբերմունքն այլ է եղել. ցանկանում էր այցելել Հայաստանի բոլոր եկեղեցիները, ծառայության ընթացքում էլ խտացրած կաթի տուփերով եկեղեցի էր պատրաստել և տեղափոխել հետը, որտեղ որ ինքն էր տեղափոխվել։

Պատերազմական շրջանում Աղդամում էր։ Զանգում էր միայն մորը, ասում՝ ամեն ինչ լավ է, հետ եմ գալու, ու ավելացնում էր՝ մի տաք բուշլաթ էլ լինի, Բաքու կհասնենք։

Հոկտեմբեր ամսին կապը Գրիգորից ոչ ոք լուր չուներ: Հարազատները Գորիս էին գնացել ու տեղեկացել, որ Գրիգորը հոկտեմբերի 18-ին անմահացել է, նրա կյանքը խլել է անօդաչու թռչող սարքը։ Հոկտեմբերի 19-ին մարմինը տեղափոխվել է Երևան, հուղարկավորված է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։

Փառք ու պատիվ քեզ, մեր քաջ զինվոր: Խոնարհվում ենք…