Հայ, ով ստեղծեց մի ամբողջ կայսրություն․ նրան բոլորը «սև խավիարի» արքա են անվանում

Աշխարհահռչակ Petrossian ապրանքանիշի ղեկավար Արմեն Պետրոսյանին ճանաչում են բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ներգրավված են սև խավիարի արտադրության ու իրացման մեջ: Խավիարը համարվում է հարստության և շքեղության խորհրդանիշներից մեկը, որի համաշխարհային վաճառքի մոտ 25%–ը վերահսկում է Պետրոսյանի ընկերությունը։ Այս ընկերությունը ԱՄՆ ներմուծելու բացառիկ իրավունք ունի:

Պետրոսյանը վերահսկում է ոչ միայն խավիարի դրամական հոսքերը, այլև որակը: Իսկ գործարանը, որտեղ այն պատրաստվում գտնվում է Փարիզից քիչ հեռու։

Տարօրինակ է, բայց խոհարարական բիզնեսի գաղափարին և նրա հաջողությանը Պետրոսյանների ընտանիքը պարտական է 1917 թ. հեղափոխությանը: Միքայել և Մելքում Պետրոսյան եղբայրները այդ դեպքերի արդյունքում հայտնվեցին Ֆրանսիայում։

Միքայել Պետրոսյանը շուտով ամուսնացավ խավիարի և նավթի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատիրոջ դստեր` Իրինա Մայիլովայի հետ: Սա Պետրոսյանների առջև շատ կարևոր խաղաքարտեր բացեց:

Արմեն Միքայելի Պետրոսյանը ծնվեց 1949 թ-ին, երբ ընտանեկան բիզնեսն արդեն ամուր ոտքեր ուներ:1985-ին նա դարձավ գլխավոր տնօրեն և նախագահ: Պատկառելի, կիրթ, ֆրանսերենի, անգլերենի, ռուսերենի և հայերենի փայլուն գիտակը չէր կարող իր ընկերությանը ճանաչում ու փառք չբերել:

«Ես ծնվել եմ խավիարի մեջ, և քիչ էր մնում` այդ խավիարի մեջ մեռնեի», — պատմում է Արմեն Պետրոսյանը: Շատ փոքր տարիքում նա մի անգամ ընկել է խավիարի տակառի մեջ, և քիչ է մնացել` խեղդվի: Պետրոսյանների տարբերանշանն առագաստանավ է, որն արևի ճառագայթների ներքո կտրում-անցնում է ալիքների միջով:

Պետրոսյանների ամենահեղինակավոր խավիարը կոչվում է Golden Caviar, որը հազվագյուտ կենդանու` ալբինոս-բելուգայի ձկնկիթն է: Մեկ կիլոգրամի արժեքը` 25 հազար դոլար:

Արմեն Պետրոսյանը չի մոռանում նաև իր արմատների մասին: Նա Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեության ակտիվ մասնակիցներից մեկն է: 2007թ-ին «Petrossian Groupe» ընկերության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Արմեն Պետրոսյանին Պատվո լեգեոնի շքանշանի հանձնման արարողությունը։

«Դուք չեք փոխել ձեր հայկական ազգանունը, երբեք չեք թաքցրել ձեր արմատները: Ձեր ընտանիքը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող են հայերը ինտեգրվել մեր հանրապետության կյանքում», — շքանշանը հանձնելիս ասաց Փարիզյան իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Ժան-Բեռնար Թոման: Նա երկու որդի ունի`Ալեքսանդրն ու Միքայելը։