«Նա հետախուզական ջոկատից էր, ինչքան բարդ գործողություն կար՝ կաներ»․ հերոս Դավիթը, ում բոլորը «Դև» էին ասում կարողացավ կատարել պապի երազանքը

Երևի թե բոլորն են ճանաչում «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի զինվոր Դավիթ Սարապյանին, ում բոլորը Դև էին ասում: Դավիթ Սարապյանը ծնվել է 1966 թ.-ի փետրվարի 4-ին՝ Երևանում: Ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում:

Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: 1991թ.-ի հոկտեմբերին մասնակցել է Հադրութի շրջանի իր պապական՝ Տող գյուղի ազատագրմանը: Զոհվել է 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ Շահումյանի շրջանի Թոդան գյուղի մարտերում:

Դպրոցից հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետ: 1984 թ.-ին՝ զորակոչվում Խորհրդային բանակ: Հետո գալիս է Երևան, սկսում է պատվածքներ գրել, գրեթե ավարտում է «300 վայրկյան» կոչվող պատմվածքը, բայց սկսվում է Արցախյան շարժումն ու նա մեկնում է ռազմաճակատ:

Սկզբում Դավիթը անդամագրվում է հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակին», հետո՝ 1991թ.-ին տեղափոխվում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ.

«Դևին առաջին անգամ տեսել եմ Շահումյանում, երբ եկավ շտաբ, որ մեր գունդ տեղափոխվի»,- պատմում է Դավիթի մարտական ընկեր Տիգրան Հարությունյանն, ով հիմա «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի շտաբի պետն է:

«1991թ.-ին, երբ մեզ մոտ եկավ, արդեն լավ կռվող ազատամարտիկի համբավ ուներ: Բոլորը լսել էին` Դև, Դև, գիտեին թե նա ով է: Հիշում եմ՝ շտաբ մտավ՝ բարձրահասակ էր, ճաղատ, գլխին սև ժապավեն կապած՝ հետո այդպես էլ երբեք չէր հանում իր այդ ժապավենը»,- պատմում է նրա մարտական ընկերն ու ավելացնում՝ Դևը հավատարմության ու վստահության սիմվոլ էր գնդում.

Հետախուզական ջոկատից էր: Ինչքան բարդ գործողություն կար՝ կաներ: Դավիթը գրեթե միայնակ կարողացել է ազատագրել իր պապական Տող գյուղը: