Գիտե՞ք՝ ինչ տաճար է լուսանկարում, ով և ինչպես է կազմել տաճարի վերակազմության նախագիծը

Լուսանկարում Գագկաշենն է կամ Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարը, որը գտնվում է Անիում։ Այն 1001−10 թթ. կառուցվել է ճարտարապետ Տրդատի կողմից, Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով՝ մայրաքաղաքում վերակերտելով ավերակ Զվարթնոցի տիպարը։

Կառույցի ավերակները բացվել են 1905−06 թթ. պեղումներով։ Հենց ճարտարապետ Թորոս Թորամանյանն էլ ուսումնասիրել և կազմել է Գագկաշենի վերակազմության նախագիծը, որը հիմնավորվել է հետագայում, պեղումներով Գագիկ Ա Բագրատունու՝ ձեռքին եկեղեցու մանրակերտը, արձանի հայտնաբերմամբ։

Կառույցը եռաստիճան (եռահարկ) դեպի վեր աստիճանաբար նվազող տրամագծերով երեք գլանային (արտաքուստ բազմանիստ) ծավալներով կենտրոնագմբեթ հորինվածք է, որի հատակագծային հիմքը շրջանց սրահի մեջ ներառնված քառակոնքն է (սյունակազմ կոնքերի միջև չորս հուժկու մույթեր են)։ Երեք հարկի արտաքին պատերը գոտևորում են կրկնակի կիսասյուների վրա ձգվող դեկորատիվ կամարաշարեր։ Պահպանելով Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը՝ ճարտարապետը ուրույն մոտեցումով մեծացրել է ենթագմբեթային քառակուսու չափերը, ծանր, հաստահեղույս մույթերը փոխարինել նրբագեղ, վերասլաց սյուներով, ավելացրել արտաքին նիստերի քանակը (32-ի փոխարեն՝ 36), պարզեցրել ճարտարապետական մանրամասերը։

1013-ին տաճարը մեծ վնասվածքներ է ստացել (կառուցվածքային թերությունների պատճառով), և նրա որոշ մասեր (աբսիդների կենտրոնական զույգ սյուները, միջին հարկը պահող կամարները և այլն) ամրացվել են։ Այդուհանդերձ, Գագկաշենը կործանվել է (ավելի վաղ, քան Անիի մյուս եկեղեցական շենքերը)։ Հետագայում տուժել է նաև թուրքերի արշավանքից։