«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ, որ դու կաս և լինել հեռու». գիտե՞ք՝ ինչու Անթառամն ու Վահան Տերյանը այդպես էլ միասին չեղան

Վահան Տերյանն ու Անթառամը, ով, պարզվեց, գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, միմյանց հանդիպել էին 17 համարի տրամվայի մեջ: Անթառամը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

Վահանին ու Անթառամին միմյանց հետ ծանոթացրել էր Կոլյա Վարագովը՝ Անթառամի ճեմարանական դասընկերը:

Բայց նրանց վիճակված չէր միասին լինելու: Իսկ ի՞նչն էր պատճառը:

«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,- գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

1908. 17. 09
Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»:
Տերյան. «Տարօրինակ է. մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Կարծում եմ՝ մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու և գնահատելու համար: Երեկ ես քնեցի տրտմության և դժգոհության զգացումով: Արթնացա՝ կարդալու համար Ձեր նամակը և զվարթագին դիմավորեցի օրը»:
Անթառամ. «Վահան, ո՞րն է Ձեր վատ տրամադրության պատճառը»:
Տեևյան. «Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը: Բայց դառնությունները մեծ մասամբ առաջանում են այն անհամապատասխանությունից, որ գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև»:
1909. 7. 03
Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:

Անթառամը Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանություններ անելիս:

«Վահանն ինձ կանչում էր Պետրոգրադ: Եվ ահա 1916 թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի «Չարի ծաղիկները» գիրքը, տողացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»:

Ամիսներ անց․․․

Տերյանի կյանքում հայտնվում է ճակատագրական Սուսաննա Պախալովան, որը գլխիվայր է անում ամեն բան բանաստեղծի կյանքում։

Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրում է.

«Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:

Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով.

«Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:

Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Անթառամի հանդեպ քնքուշ սերը երբեք չմարեց պոետի սրտում․․․

Վահան Տերյանի նամակը Անթառամին․

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն: 

1919 թվականի դեկտեմբերի քսանյոթին, ապրելով Սուպոևո գյուղում, Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է»:

Ինչպես հայտնի է, ծանր հիվանդ Վահան Տերյանն այդ ժամանակ գտնվում էր Օրենբուրգում: Տերյանի կինը` Անահիտը, իր օրագրում գրում է. «[դեկտեմբերի] Քսանմեկի երեկոյան նա պառկեց և այլևս վեր չկացավ…»:

Անթառամ Միսկարյանը հետագայում բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ․․․