Գիտե՞ք՝ Նիկողայոս Մառը պեղումների ընթացքում որ ՀԱՅ արքայի ամբողջական արձանը և որ եկեղեցին է հայտնաբերել. եկեք պարզենք

Նիկողայոս Մառը ծնվել է Ռուսական Կայսրության Քութայիս քաղաքում, (Վրաստան) քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր շոտլանդացի Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։ 1891 թ Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի՝ 1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ Նիկողայոս Մառը առաջին անգամ Հայաստան եկավ 1890 թվականին։ 1904 թ Մառը, Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի պեղումները, ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։ 1910-1911 թվականներին Սիմիռնովի և ճարտարապետ Ռոմանովի հետ պեղումներ կատարեց Գառնիի հեթանոսական տաճարի ավերակներում։

1915–16 թթ-ին Հովսեփ Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտական սեպագիր արձանագրությունները։ 1922–31 թթ-ին հիմնել ու ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ Մոսկվայում և Լենինգրադում։ 1930 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (ռուսական կայսերական ակադեմիայի ակադեմիկոս էր 1909 թ-ից)։ Մառը գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացու, Անանունի (Սեբեոս), Հովհաննես Կոզեռնի, Շոթա Ռուսթավելու և ուրիշների երկերին նվիրված նրա աղբյուրագիտական ուսումնասիրությունները։ Մառը բացահայտել է հայ մատենագրության նշանակությունը ասորական և հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար։ Հակադրվելով եվրոպական մի շարք արևելագետների (Ալֆրեդ Գուտշմիդտ, Օգյուստ Կարիեր և ուրիշներ)՝ հերքել է այն թյուր կարծիքը, թե իբր Մովսես Խորենացին նույն ինքը Մար Աբաս Կատինան է, և ապացուցել է, որ Մովսես Խորենացին իր պատմությունը գրելիս իրոք օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից։

Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց՝ Մառը հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով (1893–1917 թթ., ընդմիջումներով), որը համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում։ Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին։ Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն։ «Անի» աշխատությունը (1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է։

Նիկողայոս Մառի հիմնադրած «Խրիստիանսկի Վոստոկ» (1912–22 թթ.) ակադեմիական հանդեսն իր հեղինակությամբ ու կարևորությամբ եզակի հրատարակություն է, իսկ «Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ», «Հայ վիմագրության հուշարձաններ», «Կովկասյան բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» և այլ մատենաշարեր դարձել են գիտության համապատասխան ճյուղերի կազմավորման դպրոցներ։ Մառի անունով Երևանում կոչվել է փողոց։