Հենց այս ՀԱՅՆ Է Արագածի վրա, Գեղամա լեռներում հայտնաբերել նախապատմական ջրաբաշխական համակարգ. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայագետ, հնագետ, պատմաբան Աշխարհբեկ Քալանթարի մասին է ՝ ծնված 1884 թ. փետրվարի 11–ին, Լոռու Արդվի գյուղում Լոռիս Մելիք և Արղության (մոր կողմից) ազնվական ընտանիքում։ 1905 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1907 թ. Թիֆլիսի գիմնազիան։ 1907 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-լեզվաբանական բաժինները, համալսարանը գերազանցությամբ ավարտելով 1911 թ:

Սանկտ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին։ 1912-1913 թթ. Կայսերական ակադեմիայի կողմից գործուղվել է Իմիրզեկ (Վանստան), ապա Սուրմալուի գավառ՝ ուսումնասիրելու եզդիների ազգագրությունը և Զորի բազիլիկան, նաև Լոռի. արդյունքները հրատարակում է ակադեմիայի զեկույցներում:

Քալանթարը հեղինակել է ութանասունից ավելի աշխատություններ, որոնք վերաբերվում են Հայաստանի պատմահնագիտական հարցերին՝ քարե դարից մինչև միջնադար, արվեստի, ճարտարապետության հուշարձանների, վիմագիր արձանագրությունների, ժայռապատկերների լուսաբանմանը։

1930-1933 թթ. Արագածի վրա, Գեղամա լեռներում հայտնաբերել է նախապատմական ջրաբաշխական համակարգ, ջրանցքների ու ջրամբարների կանոնավոր ցանցով, 1931 թ. գլխավորել է հին Վաղարշապատի՝ Զվարթնոցի -Հռիփսիմեի մերձակա հնագիտական պեղումները, որոնց արդյունքները հրատարակել է «Հին Վաղարշապատի պեղումները» գրքում (1938)։