«Հարցրի՝ բա ինչա լինելու սրա վերջը, ասեց՝ Հո՛վ ջան, որ ես հետ գամ, ուրեմն հաղթել ենք, բայց էդպես էլ չեկավ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արամ Մուրադյանին

Արամ Գուրգենի Մուրադյանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 15-ին Շիրակի մարզի Կապս գյուղում։ 2015 թվականին դպրոցն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվել է Գյումրու Պետական մանկավարժական համալսարանի Նախնական զինվորական պատրաստության բաժինը՝ ընտրելով սպայի մասնագիտություն։

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականին։ Ծառայել է Արմավիրի զորամասում, հետո կրտսեր սերժանտի կոչումով՝ որպես տանկի հրամանատար, ծառայությունը շարունակել Կովսականի զորամասում:

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Արամը եղել է առաջնագծում, թեժ մարեր մղել թշնամու դեմ, փրկել ընկերների կյանքը: Ընկերը, երբ հեռախոսով Արամի հետ խոսելիս հարցնում է. «Ի՞նչ պիտի լինի այս պատերազմի վերջը», Արամը պատասխանում է. «Հո՛վ ջան, որ ես հետ գամ, ուրեմն՝ հաղթել ենք»

Առաջնագծում, թեժ մարտերի մեջ, Արամն անվերապահորեն կատարել է ցանկացած առաջադրանք: Ջրականի մարտերի ժամանակ կորցնելով տանկը՝ հայտնվել է շրջափակման մեջ: Դժվարությամբ դուրս գալով՝ զինակից ընկերների հետ ինքնակազմակերպվել ու շարունակել են մարտը, միևնույն ժամանակ, մարտադաշտից դուրս են բերել տասնյակ վիրավոր զինվորների, հասցրել հիվանդանոց տեղափոխող մեքենաներ՝ փրկելով նրանց կյանքը: Մեր տղաները կռվել են «ոչ մի քայլ ետ» սկզբունքով: Ծնողների զանգերին էլ չեն պատասխանել…

«Արմե՛ն, հերթը մեզ էլ կհասնի, մենք էլ կընկնենք»,- առաջին անգամ կանխազգացումը բարձրաձայնել է Արամայիսը:

Տասնութ օր տղաները կռվեցին անձնվիրաբար՝ հանուն Հայրենիքի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ հենց իր ծննդյան օրը, Արամը զոհվեց… զոհվեց հերոսաբար իր ընկերների հետ՝ մինչև վերջին պահը մնալով մարտական դիրքերում:

Սկզբից չէին հավատում, ընկերն էլ ասում էր՝ հաստատ վիրավոր է, մի հիվանդանոցում պարկած: Հայրը հարազատների հետ լուսանկարներն առած՝ հարցուփորձ էին անում: Հարթագյուղից մի տղա ճանաչեց Արամին:

«Ես իր հետ կռվի դաշտում չեմ եղել, բայց տեսել եմ Խնձորեսկի հիվանդանոցում վիրավորների տեղափոխելիս»: Չհավատացին, բայց տղան պնդեց. «Ինքն է, մեջքից վիրավոր զինվոր էր բերել: Հոսպիտալում տեղ չկար, վրանի մեջ տեղափոխեցին, որ գոնե առաջին օգնություն ստանար: Չեմ շփոթում: Արամը հիշվող դեմք ունի և տանկիստի շորերով էր»:

Պարզվեց, որ Արամենք առավոտյան վիրավորների են տեղափոխել Խնձորեսկ ու կրկին վերադարձել մարտադաշտ: Երկար, տանջալից որոնումներից հետո՝ դեկտեմբերի 18-ին, գտնում են մարտադաշտում զոհված Արամին, Վասպուրին և իրենց զինակից տղաներին…

Սերժանտ Արամ Մուրադյանը հետմահու արժանացել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալի:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…