«Զանգեց, ասեց՝ քո Դավոն Ջաբրայիլի հերոսա, 400 հոգի եկել են, 200-ից ավել ջախջախել ենք, մնացածն էլ փախել են». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Դավիթին

Դավիթ Սամվելի Մեհրաբյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 8-ին Էջմիածին քաղաքում: Սովորել է տեղի թիվ 11 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Գեներալ Մանվել Գրիգորյանի անվան պետական քոլեջում: Այնտեղ սովորել է 6 ամիս, որից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ հանգստանալու, ապա վերադարձել՝ Հայոց բանակում ծառայելու:

Զորակոչվել է հուլիսի 13-ին՝ ուսումը կիսատ թողնելով: Ծառայել է 6 ամիս Հոկտեմբերյանում, այնուհետև ցանկություն է հայտնել տեղափոխվել Արցախի Հանրապետություն, սակայն նրան տեղափոխել են Սյունիքի Մարզ` Մեղրի, որտեղ էլ շարունակել է ծառայությունը:

Մայրը պատմում է, որ փետրվար ամսին զանգում ու ասում է, որ սիրած աղջիկ ունի. «Զանգեց ասեց` Մամ գիտես` մի աղջիկ կա, շատ եմ հավանում, սիրահարվել եմ: Մամ տարիքով մեծա ինձանից` 3 տարի, մի քիչ էլ թմբլա, բայց լավնա: Ասեցի՝ այ բալես, համ մեծ, համ թմբլ, տենց ոնց կլինի, խոսքիս հակառակ ասեց՝ Մամ դու, որ պապայից մեծ ես 3 տարի ինչա եղել որ, թմբլա կնիհարացնեմ կարևորը լավնա»:

Սիրած աղջիկը պատմում է, որ պատերազմի ժամանակ ամեն օր զանգել է.

«Ամեն լուսաբացին զանգում էր, ասում էր սաղ լավա պոնչս հանգիստ եղի»: Հոկտեմբերի 2-ին զանգեց, ասեց, որ սիրումա ինձ ու հանուն ինձ հետ է գալու: Հոկտեմբերի 5-ին Ջրականում թեժ մարտերի ժամանակ վիրավորվել էր, տանեցիներին չէր պատմում. ասկոլկեն ոտքն ու ձեռքը ճղել էր ասում էր «Հանկարծ մաման չիմանա, Ան մարդու չասես.. » Ես էլ ասեցի լավ: Հոկտեմբերի 6-ին զանգեց ուրախ-ուրախ ասեց «Ան հետ ենք վերցրել, քո Դավոն Ջաբրայիլի հերոսա: 400 հոգի եկել են, 200-ից ավել ջախջախել ենք, մնացածն էլ փախել են, հպարտացի, հերոսի աղջիկ ես»: Էտ օրը էնքան ուրախ էր, չափից շատ: Ամեն խոսելուց մեր ապագայի համար պլաններ էր կազմում: 
Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 9-ի առավոտյան, ամեն ինչ լավ էր, մի քիչ վիճվեցինք ու չզանգեց էլ: Չնայած նրան, որ ինչքան էլ վիճվում էինք զանգում էր ինձ: Հոկտեմբերի 15-ին իմացա, որ Դավիթս զոհվել է, չնայած նրա, որ ես մինչ օրս չեմ հավատում, ինքը միշտ իր խոստման տերն է եղել ու ամեն գնով ման եմ գալու գտնեմ նրան, սիրտս զգում է, որ ողջ է":
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…