«Տա՛տ, քեզ թվում է, որ պատերազմ սկսվեց, ես գալու եմ յուբկադ հագնեմ, գոմիդ մսուրքում թաքնվե՞մ, բա ես եմ պատերազմ գնալու…». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹԻ պատմությունը

Դավիթ Ռաֆայելի Նազարյանը ծնվել է 1985թ.-ի հուլիսի 9-ին Երևան քաղաքում ու քանի որ քույրն ունեցել է հաշմանդամություն, մայրն անընդհատ լինելով հիվանդանոցներում` չի հասցրել Դավիթի խնամքով զբաղվել և նրան ուղարկել է Ստեփանավանի Լեջան գյուղ՝ տատիկի տուն, որտեղ էլ Դավիթն անց է կացրել մանկության տարիները.

Դավիթն ավարտել է Լեջանի միջնակարգ դպրոցը, իսկ հետո` 2002թ.-ին, ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի Մոտոհրաձգային ֆակուլտետ: Ավարտելուց հետո՝ 2006թ.-ին լեյտենանտի կոչումով անցել է ծառայության: Նա նաև սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետում, որտեղ ստացել է մագիստրոսի որակավորում: Հերոսը երկու համալսարաններն էլ ավարտել է գերազանցությամբ, սակայն ընտրել է հայրենիքի համար մինչև վերջ անձնվիրաբար ծառայությունը` հավատարիմ մնալով իր սուրբ երդմանը:

Պատմում են, որ մանկության տարիներին միշտ մտնում էր տանկերի մեջ ու բռունցք արած գոռում Ղա-րա-բաղ, և երբ զինվորականի մասնագիտությունն արդեն ընտրել էր, տատը մի օր հարցրել է. «Դավիթ ջան, մենք պատերազմող երկիր ենք, ինչու՞ ես ընտրել այդ մասնագիտությունը, գնա երկրորդ մասնագիտությունով փողկապդ կապիր` մաքսատանը հանգիստ գործ արա»:

Դավիթն էլ տատին հակադարձել է. «Տա՛տ, քեզ թվում է, որ պատերազմ սկսվեց, ես գալու եմ յուբկադ հագնեմ, գոմիդ մսուրքում թաքնվե՞մ, բա ես եմ պատերազմ գնալու…»:

Դավիթ Նազարյանն իր ծառայությունն իրականացրել է Սյունիքի, Քարվաճառի, Եղեգնաձորի, Մեղրու, ապա Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասերում: Պատերազմի ժամանակ նա Մեխակավանի զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարն էր:

Պատերազմի ընթացքում Դավիթին վաղաժամ շնորհվել է փոխգնդապետի կոչում, սակայն ողջ ծառայության ընթացքում նա եղել է շարքային զինվորին հավասար: Նրա սկզբունքներից էին` սպա և զինվոր պետք է լրացնեն իրար, քանզի նրանցից ամեն մեկը կատարում է ազգային ընդհանուր պարտականության իր բաժինը:

Դավիթը մայրիկին խոստացել էր, որ գեներալ կդառնա, նոր կգա տուն, բայց ցավոք հրամանատարը չհասցրեց, նրա երազանքները մնացին կիսատ. «Երազում էր ծովից ծով Հայաստանի մասին, ասում էր, որ դիրքը նրանց ժամանակավոր է տրված, այդ տարածքները մերն են հերթով հետ ենք բերելու: Ինքն այդպես էլ անում էր՝ դիրքավորվելով գնում էր առաջ»,-պատմում է Դավիթի քույրը՝ Մարիաննան ու հավելում, որ պատերազմի ընթացքում Դավիթի թե՛ զինվորները, թե՛ գումարտակի սպայական կազմը կռվել են ոչ մի քայլ հետ սկզբունքով։

Փառք ու պատիվ մեր բոլոր քաջ հերոսներին, ովքեր անմահացան հանուն հայրենիքի և հանուն մեր լուսավոր ապագայի… երախտապարտ ենք Ձեզ, Տղե՛րք: