«Մի անգամ հրամանատարը զինվորներին խաբել, աջ ու ձախ էր ուղարկել, ինքը մենակ մտել էր թշնամու մեջ». իմացե՛ք ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹԻ (ԿՅԱԺԻ) սխրանքների մասին

Արցախյան 44-օրյա մարտերում իր անմնացորդ ներդրումը թողած հերոսներից է փոխգնդապետ Դավիթ Նազարյանը, ով ոչ մի վայրկյան չնահանջեց և մինչև վերջին շունչը եղավ իր զինվորների կողքին:

Դավիթի ժամկետային զինծառայողներից Տիգրան Մելիքյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ով լավ հրամանատար ուներ ողջ մնաց.
«Փոխգնդապետն ասում էր՝ տղե՛րք, հաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պետք է զորավոր խոսքը: Առանց զորավոր խոսքի բութ են սրերը, թույլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը»: Դավիթը նաև ասում էր՝ զինվո՛ր, նայիր վերև, դրոշակիդ. «Հիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զենք են վերցրել։ Արիացի՛ր, քանզի քեզ հետ ցեղդ է, որն ապրել է ուզում…»:

Փոխգնդապետի մարտական ընկեր, լեյտենանտ Հմայակ Կիրակոսյանը պատմում է, որ Դավիթին բոլոր գեներալները, անգամ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը «Կյաժ ջան» էին ասում. «Ես իրեն 3 ամիս էի ճանաչում, ինքն առաջնորդ էր ու կռվի ժամանակ էլ վտանգավոր հատվածներ հենց ինքն էր գնում: Մի անգամ տղերքին խաբել աջ ու ձախ էր ուղարկել, ինքը մենակ մտել էր թշնամու մեջ: Հերոսական դրվագներ շատ ունի, մենք հրամանատարից շատ բան սովորեցինք այս պատերազմում, Դավիթն իսկական հրամանատար ու ընկեր էր»:

Հմայակի խոսքով, Դավիթը զոհվել է հոկտեմբերի 18-ին, ընկել է քաջի մահով Հադրութի պաշտպանության ժամանակ՝ Սարուշեն գյուղում մենամարտի ժամանակ: Փոխգնդապետի զինվորներից ամեն մեկը մի իր է վերցրել հրամանատարից ու հուշ պահել.
«Մեկի մոտ շեվրոն էր, մեկի մոտ իր հուշագիրքը: Տղերքն ասում են, իր նման 3 հրամանատար ունենայինք, մենք հաստատ Բաքուն կգրավեինք ու կապ չունի, թե ինչ ուժի դեմ էինք կռվում»,-պատմում է Դավիթի քույրը՝ Մարիաննան,- ինչքան շատ եմ լսում նրա հերոսություններից այնքան վերքս էլ ավելի է խորանում: Ինձ թվում էր, թե լեգենդ են պատմում մեզ սփոփելու համար, բայց ոչ, նրա մասին պատմվող հերոսությունները միայն իրականություն են…