«Իրեն վստահված դիրքը էդպես էլ չլքեց ու պաշտպանեց կյանքի գնով». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գագիկ Խաչատուրյանին

Գագիկ Սուրենի Խաչատուրյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 3-ին Երևանում։ Մանկության տարիներին ընտանիքով տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ էլ հաճախել է թիվ 104 դպրոց։ 2007 թվականին վերադարձել է Երևան և ուսումը շարունակել Երևանի Ն.Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում, ապա Թ.Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցում։

Տարիներ շարունակ զբաղվել է երաժշտությամբ: 2014 թվականին հիմնել է երաժշտական խումբ, որն ամեն տարի ներկայացրել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի cover տարբերակները։ 2015 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին, որն ավարտել է գերազանցությամբ և ընդունվել ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա։

Գագիկը Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականին: Ծառայել է Մեխակավանում։ Ուներ կրտսեր սերժանտի կոչում։ Իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել և ստացել է շնորհակալական նամակ, հրամանատարել է ջոկ։

Մասնակցելով 44-օրյա պատերազմին՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում անմահացել է։ Հերոսի մարմինը գտնվել է մարտի 6-ին:

Գագիկ Սուրենի Խաչատուրյանին հետմահու շնորհվել է Միջազգային անվտանգության ակադեմիայի բարձրագույն կոչում՝ արժանանալով «Ասպետ» շքանշանի, ինչպես նաև հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…